News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան կվերադառնա ՆԱՏՕ, ինչպես բոլոր «մոլորյալ զավակները»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վայրընթացը շարունակում է նոր պտույտներ հավաքել. նման իրավիճակում միջպետական հարաբերությունները հասնում են մի կետի, որից հետդարձը պահանջում  է  համակարգային մեծ ջանքեր` քաղաքական,  ռազմական, տնտեսական, եւ կամ դրանց վերակենդանացումը դառնում է անհնար։

«Այս վերջին տարբերակին կարող են նպաստել նաեւ աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ գլոբալ գործընթացները եւ միջազգային բարդ հարաբերությունները, որոնց մաս են կազմում եւ՛ Բեռլինը, եւ՛ Անկարան»-ասաց Նավասարդյանը:

Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների էրոզիան ընթանում է փոխադարձ վիրավորանքների եւ մեղադրանքների ֆոնին. «Գերմանիան կոնկրետ փաստերի վրա  մերկացնում է թուրքական ռեժիմի հակաժողովրդական եւ բռնապետական     քաղաքականությունը, իսկ Էրդողանը ֆաշիզմից ձերբազատված եւ այն դատապարտող երկիրն անվանում է ֆաշիստական։

70 տարի բոլոր բնագավառներում հաջող հարաբերություններ զարգացնող երկու պետությունների ղեկավարների նմանատիպ «հաճոյախոսություններին» հաջորդում են աննախադեպ սրության հասցնող գործողությունները»:

Արման Նավասարդյանի խոսքով, Գերմանիայի արտգործնախարար Զիգմեր Գաբրիելը իր եւ Մերկելի անունից հայտարարում է, որ իր երկիրը ի վիճակի չէ շարունակել նախկին հարաբերությունները թուրքերի հետ եւ հետ է կանչում դեսպանին, որին ի պատասխան թուրքական իշխանությունները ԳՖՀ ներկայացնում են անհատների եւ կազմակերպությունների ցուցակներ, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչության մեջ։ «Ցուցակում ոչ ավել, ոչ պակաս նշված են Daimler и BASF արդյունաբերական հսկաները։ Ընդամենը 68 իրավաբանական եւ ֆիզիկական անձիք։ Թուրքական կողմը գտնում է, որ նրանք հանդիսանում են Ֆեհուլլահ Գյուլենի ագենտները, որոնք մասնակցել են  անցյալ տարվա պետհեղարջման փորձին։

Թուրք-գերմանական քաղաքական առճակատման կիզակետում հայտնվել է Ինջիրլիկի ռազմական ավիաբազան։ Գերմանիան հանում է այնտեղից իր ռազմական կոնտիգենտը, քանի որ Անկարան արգելել է գերմանացի պառլամենտականների այցը նրանց։ Սպասվում է, որ Բեռլինը նույն գործողությունները կարող է կիրառել Քոնիայի ռազմաբազայի նկատմամբ, ինչն առաջացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգերի լուրջ անհանգստությունը։ Իրո՞ք թուրք-գերմանական աճող հակասությունները կարող են ցնցել Հյուսիսատլանտյան ալյանսի հիմքերը»:

Թուրք-գերմանական հարաբերությունների ներկա աննախադեպ վատթարացումը, ըստ դիվանագետի, ունենալով հիմքում ներքաղաքական դրդապատճառներ` միտված է դուրս գալ երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ «Այդ իսկ պատճառով Բեռլինը (եւ ոչ միայն) անհանգստացած է Թուրքիայի քաղաքականության վերաուղղորդությամբ դեպի Արեւելք։ Մերկելին, որն իրեն տեսնում է Եվրոպայի «տիրուհու» դերում, եւ որի համար նա պատրաստ է անգամ սահմանափակել ատլանտիզմի հնարավորությունները Հին աշխարհամասում,  խորապես անհանգստացնում է Էրդողանի մերձեցումը Մոսկվայի հետ։ Նրան ավելի քան վտանգավոր է թվում մերձավորարեւելյան տարածաշրջանում Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի կայացումը, որը մեծապես կնվազեցնի Բեռլինի  հնարավորություններն ու ներկայությունը տարածաշրջանում»,-ասաց նա:

«Թուրքիայի հարաբերությունների սրումը Գերմանիայի հետ որոշ չափով ստվերում է Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն ապրում։ Արդյո՞ք այս իրավիճակն իր հետքը չի թողնի տրանսատլանտյան ընդհանուր ռազմավարության վրա, որի իրագործողներից մեկը ավանդաբար հանդիսացել է Թուրքիան, եւ որը, վերջին հաշվով, ուղղված է  Ռուսաստանի դեմ։

Ասել, թե Թուրքիան կանցնի իր արեւելյան քաղաքականության «կարմիր գիծը» եւ այն աստիճան կմերձենա Մոսկվայի հետ, որ կդավաճանի «հին ընկերներին», կլիներ խիստ ռիսկային կանխատեսում։ Անգամ, եթե Էրդողանին հաջողվի ստանալ այնքան բաղձալի С-400 համակարգը։  Թուրքիան եղել եւ մնում է Թուրքիա։

Երբ կրքերը հանդարտվեն ու Էրդողանն ստանա իր ուզած քաղաքական եւ, առաջին հերթին, ֆինանսական դիվիդտները, նա կվերադառնա «ընտանիքի գիրկը», ինչպես վերադառնում են բոլոր «մոլորյալ զավակները»,-իր խոսքն ամփոփեց դեսպան Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ