News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը եւ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին այսօր՝ հուլիսի 27-ին, հետեւել են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եւ Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը:

Ուսումնավարժությունն այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ Շիրակի մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների եւ վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների տրամաբանական շարունակությունն է:

Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել էր Ախուրյանի բժշկական կենտրոնի լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կային: Բախման հետեւանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել, շենքի պատը փլուզվել, կային §տուժածներ¦:

Վարժանքի մասնակից հրշեջ-փրկարարներն արագ սահմանազատելով տարածքը եւ սկսելով հրդեհաշիջման աշխատանքները՝ միաժամանակ վտանգավոր տարածքից դուրս բերեցին պայմանական տուժածներին, նրանց ցուցաբերեցին անհրաժեշտ բուժօգնություն եւ իրականացրեցին վարակազերծում:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ամփոփելով դասընթացների եւ վարժանքի արդյունքները, ասաց. «Շատ բարձր եմ գնահատում համատեղ վարժանքը: Մեր փրկարարներն ապահովեցին միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակ, եւ այն փորձը, որ ձեռք է բերվել այս դասընթացների շնորհիվ, նրանք կփոխանցեն նաեւ իրենց գործընկերներին: Մենք շնորհակալ ենք ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ներկայացուցիչներին՝ աջակցության եւ իրենց փորձը մեզ փոխանցելու համար: Ինչ վերաբերում է հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկայի արդիականացմանը, ապա մենք աշխատելու ենք կարճ ժամանակում թե պետբյուջեի հատկացումների, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ ամբողջությամբ վերազինել դրանք»:

Լրագրողներին տված հարցազրույցում գեներալ-մայոր Լի Թաֆանելին, մասնավորապես, ասաց. «Թե դասընթացի, թե վարժանքի արդյունքները շատ բարձր եմ գնահատում: Յուրաքանչյուր վարժանք լավ հնարավորություն է կատարելագործելու մեր գիտելիքներն ու հմտությունները: Վստահ եմ, որ իրական արտակարգ իրավիճակում հայ փրկարարները շատ արագ կարձագանքեն եւ բարձր պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն, իսկ մեր համագործակցությունը շարունակական կլինի»։

Բարեխիղճ ու նվիրված ծառայության համար հրշեջ-փրկարարներին շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Խաչատրյանը:

Բրիտանական դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը (որի նստավայրը Թբիլիսիում է) ընդգծեց, որ Հայաստանում հաճախակի հյուր է եւ վստահ, որ արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում իրեն արագ օգնության կհասնեն պրոֆեսիոնալ փրկարարներ:

Լի Թաֆանելին ԱԻՆ նախարարի ուղեկցությամբ այցելեց նաեւ «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն, որտեղ դասընթացներն անցկացնելու ընթացքում հանգրվանել էին ամերիկացի եւ բրիտանացի փորձագետները:

Կանզաս-Հայաստան պետական համագործակցության հիմքը դրվել է 2003 թվականին: Հիմնական նպատակը` արտակարգ իրավիճակներում ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանը միտված նախաձեռնություններին աջակցությունն է եւ արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացումը: Երկարատեւ համագործակցության ընթացքում իրականացվել են տարբեր թեմաներով բազմաթիվ դասընթացներ եւ համատեղ ուսումնավարժություններ, ինչպես նաեւ ԱՄՆ կողմից տրամադրվել է զգալի տեխնիկական աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ