News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ես գնացել եմ իմ ընտանիքի հետքերով»,- ասում է ճարտարապետ Արա Զարյանը՝ ճարտարապետ Արմեն Զարյանի որդին ու գրող Կոստան Զարյանի թոռը։ Այս ընտանիքի երեք սերունդների պատմությունը կապակցված է երկու երկրների՝ Հայաստանի ու Իտալիայի հետ։ Կոստան Զարյանը հայերեն սովորել է Վենետիկում՝ Մխիթարյանների մոտ, Մուրադ Ռաֆայելյան վարժարանում սովորել են նրա որդիները, այստեղ հայկական մշակույթի ուսումնասիրության ու փաստագրման կենտրոն Վենետիկ, որը նրա հայրն ու հորեղբայրն էին հիմնել, 1991 թվականին Հայաստանից աշխատելու է եկել նաեւ Արա Զարյանը։ Բայց 2011-ից նա ամեն տարի ժամանում է Հայաստան՝ որմնանկարների ռեստավրատոր Քրիստին Լամուղեի հետ միասին։ Այստեղ իրենց գործին սիրահարված այդ երկուսն իրենց արձակուրդի ընթացնում իրենց անձնական միջոցներով հայկական միջնադարյան եկեղեցիներում որմնանկարների հետքեր են որոնում եւ վերականգնում են դրանք։

«Հայաստանը յուրահատուկ մշակույթ ունի՝ իր տեսակի մեջ եզակի։ Հայկական որմնանկարների պատմությունն ու մշակույթը քիչ է ուսումնասիրված։ Իմ բախտը բերել է, որ ծանոթացել եմ Արայի հետ, քանի որ իմ հայերենը սկսվում ու ավարտվում է «Բարեւ ձեզ»-ով ու «Ցտեսություն»-ով։ Մենք ընդհանուր կիրք ունենք ՝ որմնանկարները, եւ հայկական որմնանկարներն ինձ համար՝ որպես մասնագետի, բացահայտում էին,- ասում է Քրիստին Լամուղեն ու հավելում,- ես որոշել եմ իմ արձակուրդը նվիրել հայկական որմնանկարներին ու չեմ զղջում դրա համար։ Գլխավոր եզրակացությունը, որին մենք հանգել ենք, այն է, որ 7-րդ ու 8-րդ դարերի հայկական եկեղեցիներում որմնանկարները եղել են ավանդական ու սովորական երեւույթ»։

Քրիստին Լամուրեն արդեն տասնմեկերորդ անգամ է Հայաստան այցելում։ Վերականգնված են Դադիվանքի, Լմբատավանքի, Որոտնավանքի որմնանկարները։ Այս տարի Արա Զարյանն ու Քրիստին Լամուղեն աշխատում էին Աշտարակի Կարմրավոր ու Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցիներում։

Արան ու Քրիստինն առաջին անգամ Սուրբ Հովհաննես անցյալ տարի են այցելել։ Տեսել են, որ պատերն այստեղ սվաղված են, հետեւաբար՝ դրանց տակ կարող էր որմնանկար լինել։ Տարբեր հատվածներում մաքրել են պատերն ու հայտնաբերել սանձը բռնած ձեռքի պատկեր։ Արա Զարյանը պատմում է, որ դիմել են Հայաստանի մշակույթի նախարարությանը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին ուսումնասիրելու թույլտվություն ստանալու համար, եւ ստանալով այն՝ այս տարի սկսել են աշխատել։

Եկեղեցին հիմնվել է 5-րդ դարում, 6-րդ դարավերջին ու 7-րդ դարասկզբին այն ստացել է այն տեսքը, որն ունի հիմա։ «Սա հայկական ճարտարապետության հրաշքներից է։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է, ու դրա սֆերիկ գմբեթը չորս կամարների օգնությամբ վեր է ածվում ստորին սրահի խորանարդի։ Սա այնպիսի ծավալուն լուծում է, որ ներսում պարզապես ապշում ես, թե որքան մեծ է եկեղեցին, իսկ դրսից այն շատ կոմպակտ շինություն է երեւում, ասես քարի մի կտորից փորագրված»,- ասում է Արա Զարյանը։

Սանձով ձեռքը, պարզվում է, ձի հեծած սրբի պատկերի մի մասն էր։ Ենթադրաբար՝ սրբի, ճշգրտում է Արա Զարյանը, քանի որ լուսապսակով գլուխը չի պահպանվել։ «Բայց մենք գիտենք սուրբ հեծյալների՝ Սարգսին, Գեւորգին»,- հավելում է նա։ Ձիավորից աջ եւս երկու կերպարներ են տեսանելի ու մեկ գրություն։ Տառերի մի մասը ջնջվել է, բայց, ենթադրաբար, գրված է «Սուրբ Գաբրիել»։ «Նա թեւեր չունի, քանի որ սվաղի ներքեւի մասն ամբողջովին պոկվել է, այսինքն՝ մենք չենք կարող վստահաբար պնդել, որ դա Գաբրիելն է, բայց կարող ենք ենթադրել»,- ասում է Արա Զարյանը։

Այնտեղ, որտեղ հիմա աշխատում է Քրիստին Լամուղեն, երկու կերպարներ են տեսանելի. մեկը՝ ոտաբոբիկ, մյուսը՝ կոշիկով, որը, ենթադրաբար, բարձրաստիճան եկեղեցականի պատկեր է։

Առհասարակ, ըստ Արա Զարյանի, եկեղեցին մեզ է հասել բավական անմխիթար վիճակում։ Խորհրդային ժամանակ այստեղ եղել է պահեստ, հացահատիկ են պահել, եկեղեցու պատերն այն ժամանակ ծածկել են սվաղի նոր շերտով, որպեսզի պահեստը խոնավ չլինի: Խորհրդային միության փլուզումից հետո մարդիկ որոշել են վերականգնել եկեղեցու նախկին տեսքը, եւ խորհրդային սվաղը քերել են՝ ինչով կարողացել են ու ինչպես կարողացել են, արդյունքում փչացրել են դրա տակ եղած շերտերը՝ որմնանկարների հետ միասին։ Բացի այդ՝ կարելի է տեսնել, որ որմնանկարներում սրբերի դեմքերը միտումնավոր խազված են։ Դա արվել է մինչեւ խորհրդային ժամանակները, բայց երբ ու ինչ նպատակով՝ բարդ է պարզել։

Գմբեթի տակ կամարներն այսօր կապույտ են ներկված։ Արա Զարյանը ենթադրում է, որ կապույտ ներկը ոչ մի առնչություն չունի հայկական քրիստոնեական մշակույթի հետ։ Եկեղեցին կարող էին այդ ձեւով վերանորոգել 1800-ականներին, երբ Կովկասը գրավվել է Ռուսական կայսրության կողմից, ու այստեղ է ժամանել Ռուսաստանի փոխարքան։ «Դա իմ ենթադրությունն է,- ասում է Արա Զարյանը:- Այդ գույնը բնորոշ է Ռուսական ուղղափառ եկեղեցուն։ Կարելի է վերցնել ներկի նմուշները՝ փորձաքննության համար, որպեսզի ավելի ճշգրիտ հասկանանք, թե ո՞ր ժամանակաշրջանին է այն պատկանում»։ Որմնանկարներից ներկի նմուշներ նրանք արդեն վերցրել են, որպեսզի Իտալիա տանեն՝ հետազոտության։

Եկեղեցական օթյակը մեկ այլ քրիստոնեական մշակույթի՝ կաթոլիկ եկեղեցու ժառանգությունն է։ Դա, ամենայն հավանականությամբ, կառուցել են ֆրանկները՝ հայ կաթոլիկները, որոնց հիմնական հոգեւոր կենտրոնը Գյումրի քաղաքն է, որը Մաստարայից հեռու չէ։

Իսկ առհասարակ, Արա Զարյանի խոսքով, Սուրբ Հովհաննես եկեղեցում ի սկզբանե բոլոր պատերին որմնանկարներ են եղել, այդ մասին են վկայում նրա ու Քրիստինի հետազոտությունները։ «Դրանք առանձին նկարներ չեն եղել, այլ սյուժետային, թեմատիկ պատկերներ՝ ամբողջ մակերեսին։ Ցավոք՝ այդ մասին գրավոր վկայություններ չկան, չկան նաեւ որեւէ նկարազարդումներ, բայց մեր հետազոտությունները թույլ են տալիս նման եզրակացություն անել»,- ասում է նա։

Եկեղեցու մոտ Արա Զարյանը մեզ ցույց է տալիս կտուրով շինություն, որը կառուցվել է հայկական հազարաշեն տեխնիկայով։ Այդ հին փայտյա շինությունն այսօր ցախատուն է ծառայում տեղի բնակիչներից մեկի համար։

Կտուրի գերանները ծածկված են սարդոստայնով, իսկ տեղից շարժված սյունը պահում է կաթսայի կափարիչը։ Մինչդեռ հազարաշենը Հայաստանում այսօր ազգագրության տեսանկյունից այնպիսի հազվագյուտ երեւույթ է...

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ