News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտության ֆինանսավորումը կրճատելու որոշումը ծայրաստիճան բացասական որոշում է։ Ու կառավարությունը դրա համար ոչ մի իրական բացատրություն չունի, համարում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։ Ավելին, այդ որոշումը հակասում է կառավարության 2011-2020 թթ․ համար գիտության զարգացման ռազմավարությանը, ըստ որի Հայաստանում գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա ու մինչեւ 2020 թ․ հասնի միջինեվրոպական ցուցանիշներին (ՀՆԱ 2 տոկոսի չափով)։

Ըստ 2018-2020 թթ. կառավարության միջնաժամետ ծրագրի՝ կրթության ու գիտության ոլորտի ֆինանսավորումը ծրագրվում է կրճատել, եթե այս տարի այն կազմել է ՀՆԱ 2․34 տոկոս, ապա 2018-ին կլինի 2․18 տոկոս, 2019-ին՝ 1․99 տոկոս, 2020-ին՝ 1․85 տոկոս։ Ինչ վերաբերում է գիտությանը, ապա դրա ֆինանսավորումը, բացարձակ արտահայտությամբ, առաջիկա երեք տարիներին ծրագրվում է անփոփոխ թողնել, բայց քանի որ ծրագրով նախատեսված է ՀՆԱ աճ, ապա տոկոսային հարաբերակցությամբ գիտության ֆինանսավորումը նույնպես անկում կապրի։ Իսկ դա արդեն գործող օրենքի խախտում է, քանի որ ըստ օրենքի՝ գիտության ֆինանսավորումը տարեկան պետք է ավելանա բյուջեի աճին համաչափ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գիտնականը նշեց, որ եթե կառավարությունը վկայակոչում է բյուջեի սղությունը, ապա գիտնականները, մասնավորապես «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամները, բազմիցս նշել են աղբյուրներ, որտեղից կարելի է վերցնել գումար՝ գիտության ֆինանսավորումն ավելացնելու համար, օրինակ հենց կառավարության ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ սահմանափակ բյուջեի պայմաններում պետական կառույցների շքեղությունն անթույլատրելի է։ Շատ լավ օրինակ է Դիլիջանում պետական եկամուտների կոմիտեի շենքը, որտեղ, ինչպես հայտնի է դարձել, մի տուփ անձեռոցիկը 60 հազար դրամով էին գնում։ Ավելի վաղ մենք արդեն ասել ենք, որ ամեն տարի Երեւանում ճանապարհների ճաքալցման ու եզրաքարերը փոխելու համար 3 մլրդ դրամ է հատկացվում, բայց մենք կարծում ենք, որ մայրաքաղաքը կարող էր հանգիստ մեկ տարի էլ դիմանալ հին եզրաքարերով, իսկ այդ գումարը կբավականացներ գիտության ֆինանսավորումը 1․5 անգամ ավելացնելու համար։ Այնպես որ մենք բազմիցս նշել ենք այն ծախսերի հոդվածները, որոնց կրճատումը ավելի քան նպատակահարմար է, բայց դրա փոխարեն կառավարությունը գնում է նման անտրամաբանական քայլի, գիտության ֆինանսավորման կրճատման»,- ասել է Արթուր Իշխանյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ողջամտությունը կհաղթանակի ու կառավարությունը կհրաժարվի նման որոշում կայացնելուց։

Իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա գիտնականի գնահատականով, գիտությունը, հետեւաբար նաեւ երկիրը, ծանրագույն վիճակում կհայտնվեն։

Արդեն հիմա Հայաստանում գիտությունը լուրջ ճգնաժամ է ապրում։ Նախ, գրեթե չկան միջին տարիքի գիտնականներ։ «Այդ առավել բեղուն տարիքային խմբում գրեթե զրոյական ցուցանիշ է։ Դա այն բանի հետեւանքն է, որ գիտության ոլորտը գրավիչ չէ, այն չի կարող ընտանիք կերակրել, ու դա հանգեցնում է երիտասարդ կադրերի արտահոսքի՝ կամ ՏՏ ոլորտ, կամ առհասարակ երկրից դուրս։ Ֆինանսավորումը ավելացնելուց բացի, որեւէ այլ ձեւով այս խնդիրները չեն լուծվի։ Երիտասարդ կադրերին գիտության մեջ պահելու համար, նրանց պետք է լավ վարձատրել, դա պարզ ճշմարտություն է»,- նկատեց Արթուր Իշխանյանը։

Երկրորդ՝ Հայաստանում, նրա խոսքով, գրեթե չկան կիրառական արդյունքներ ու դա այն դեպքում, որ ֆունդամենտալ ոլորտներում արդյունքները շատ բարձր են։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունք ստանալու համար ֆինանսական ներդրումները կիրառական գիտության մեջ պետք է 10 անգամ շատ լինեն, քան ֆունդամենտալ գիտության մեջ։ «Դա անհնար է այն չնչին ներդրումներով, որոնք կան մեր երկրում»,- ասում է ֆիզիկոսը, հիշեցնելով, որ հիմա կառավարությունը փորձում է պահանջել կիրառական արդյունքներ, միաժամանակ չանելով ներդրումներ։ «Դա պարզապես ծիծաղելի է։ Դա նման է նրան, ինչպես մեր գիտնականներից մեկը՝ Արմեն Սարգսյանն էր պատկերավոր ասում, որ դու կտրում ես ծառը, իսկ հետո ասում, որ այն բերք չի տալիս։ Այսինքն գիտության ոլորտում հիմնական խնդիրները կապակցված են ֆինանսավորման բացակայության հետ»,- հավելեց նա։

Երրորդ, շարունակեց գիտնականը, հիմա շատ են խոսում օպտիմալացման մասին։ Օպտիմալացումը, նրա խոսքով, իրոք պետք է, բայց պետք է հասկանալ, թե ում ու որտեղից կրճատել։ Այո, հանրապետությունում կան մեծ քանակությամբ չաշխատող գիտնականներ, բայց դա վերաբերում է տնտեսական ու հասարակական գիտությունների ոլորտին՝ այն պաշտոնյաներին, որոնք պաշտպանում են կեղծ գիտական թեզեր, իսկ հետո տարբեր պետական կառույցների տարբեր պաշտոններ զբաղեցնում։ Ահա նրա՛նց, իրոք, պետք է կրճատել, համարում է գիտնականը, նաեւ կանխել կեղծ գիտական թեզեր պաշտպանելու արատավոր փորձը։

ԻՆչ վերաբերում է գիտահետազոտական ինստիտուտներին, ապա նա հիշեցրեց, որ Հայաստանի ԳԱԱ-ի կազմում այսօր 30 ինստիտուտ կա, ու դրանք բոլորը տալիս են գիտական արդյունք, իսկ գերատեսչական ԳՀԻ-ները ժամանակին Հայաստանում 80-ն էին, ու դրանք հիմա բոլորը ոչնչացված են, կամ էլ անգործության են մատնված։ «Այսինքն դեպի ո՞ւր է պետք ուղղել սլաքը։ Հենց դեպի կառավարություն։ Ակադեմիան օպտիմալացման իր մասն արդեն արել է ՝ միավորելով մի քանի ինստիտուտներ»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է թվաբանությանը։ Հայաստանի 4000 գիտաշխատողների միայն մեկ երրորդը գիտական արդյունք չի տալիս։ Եթե նրանց կրճատենք, դրանից մյուսների աշխատավարձն անգամ 30 տոկոսով  չի ավելանա, իսկ դա չնչին գումար է, գիտնականների աշխատավարձերը պետք է մի քանի անգամ բարձրացնել։ «Հետեւաբար, օպտիմալացումն այս ցանկում կարեւորությամբ տասերորդական տեղում է։ Հոգեբանական տեսակետից այն մեծ նշանակություն ունի, քանի որ օպտիմալացնել պետք է հենց կառավարությունը, բայց գիտության ոլորտի համար դա ֆինանսներ տնտեսելու առումով ոչինչ չի տա»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԳԱԱ 130 տարեց անդամներին, ապա նրանց մի մասը ակադեմիկոսներ են դարձել դարձյալ իշխանավորների կարգադրությամբ։ Այնպես որ, եթե Ակադեմիան նույնիսկ վարկաբեկվել է, ապա հենց կառավարության գործողությունների շնորհիվ, որը «ակադեմիկոսների» հատուկ տեղեր էր իջեցնում որոշակի մարդկանց համար։ Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով՝ եթե ակադեմիայի այդ 130 անդամներին կրճատենք, ապա դրանից մյուսների աշխատավարձին անգամ 1000 դրամ չի գումարվի։

Ամփոփելով՝ Արթուր Իշխանյանը նշեց, որ կառավարությունները գալիս են ու գնում, բայց նրանց գործերը մնում են։ Նոր վարչապետը փորձում է ներկայանալ որպես գործիչ, որը նոր մշակույթ է բերում՝ գեղեցիկ տեսք, գեղեցիկ հանդիպումներ, գեղեցիկ բառեր։ Բայց այդ ամենն ընդամենը ճակատային մասն է։ Իսկ գործերն իրական խորություն ունեն։ Արթուր Իշխանյանի կարծիքով, Հայաստանի պատմության մեջ կմնա այն ղեկավարը, որը կձեռնարկի իրական բեկումնային քայլեր հենց գիտության ոլորտում։ Բայց սա արդեն լիրիկական զեղում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ