News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

«Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը թիմից հեռանալուց անմիջապես հետո պայմանագիր է կնքել Մոսկվայի «Արարատի» հետ։ Այդ ամենի, իր ապագա ծրագրերի եւ հայկական ֆուտբոլի հետ կապված նպատակների մասին նա պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ նոր նշանակման կապակցությամբ։ Նախ, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ «Անժիից»։ Դա Ձե՞ր որոշումն էր, թե՞ երկկողմ համաձայնությամբ եղավ:

Դուք ճիշտ ասացիք՝ երկկողմ համաձայնությամբ։ Ես հասկացա, որ ինչ-որ բան չի ստացվում։ Հավասար պայմաններում, մեր խաղային առավելության դեպքում գրանցում էինք բացասական արդյունք։ Եկա այն եզրակացության, որ պետք է ավարտել։ Վատ մտքեր էին գալիս, իսկ մարզիչը պետք է միշտ դրական մտածի։

Ի՞նչ Ձեզ տվեց Պրեմիեր լիգայում խաղալու փորձը։

Բարձր մակարդակով աշխատելու ցանկացած փորձ շատ բան է տալիս։ Երբեմն քեզ թվում է, որ շատ բան գիտես, կարող ես։ Իհարկե, ծիծաղելի կլիներ կարծել, որ թիմը բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք կբերի։ Եթե երկու բառով ասենք փորձի մասին՝ որքան բարձր է մակարդակը, այնքան ամեն սխալի արժեքն ավելի բարձր է։

«Արարատից» առաջարկը ե՞րբ եղավ՝ անմիջապես «Անժիից» հեռանալուց հետո՞, թե՞ վաղուց խոսակցություններ կային։

Անմիջապես իմ հեռանալուց հետո, մի քանի ժամ անց Վալերի Հովհաննիսյանը զանգահարեց ինձ։ Անգամ չթողեց ընկնեմ դեպրեսիայի մեջ։

Նոր թիմը՝ հայերի համար սուրբ անվանմամբ, շատերի համար դեռ լիովին հասկանալի նախագիծ չէ։ Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները։

Մինչեւ պատասխանելը, կուզենայի ասել, որ վերջին ժամանակներս ես շատ ակտիվ էի մամուլում։ Այժմ ավելի շատ ցանկանում եմ ինքս ինձ հետ մնալ։ Չեմ պատրաստվում ծավալուն հարցազրույցներ տալ։ Ձեր համար բացառություն եմ անում։ Ինչ վերաբերում է «Արարատին», ես դեռ չեմ ցանկանում շատ մանրամասներ ասել։ Այս պահին զրույցել եմ թիմի միակ հովանավորի եւ գործատուի հետ։ Ես հասկացա, որ նա ունի տեսլական։ Մոսկվայի «Արարատի» մոտ կա գաղափար։ Այն հոգեւոր բնույթ է կրում։ Իսկ ես հասկացել եմ՝ ինչն ունի հոգեւոր բնույթ եւ իր մեջ գաղափար է պարունակում, այն երկարակյաց է եւ հիմնականում աճում ու զարգանում է։ Ես երկար լսեցի այդ մարդուն։ Նա պատրաստ է իր գումարը ծախսել այդ գաղափարի համար։ Նրա համար Արարատը շատ կարեւոր նշանակություն ունի։ Թիմ ստեղծելու գաղափար վաղուց ուներ։

 Մոռացա ավելացնեմ, որ ինձ հրավիրելու գաղափարը պատկանում է թիմի նախագահ՝  Վալերի Հովհաննիսյանին։

Ձեր պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ Շատ չէ՞ նորաստեղծ թիմի համար։

Իմ բոլոր նախորդ պայմանագրերը կքնված են եղել առավելագույնը մեկ տարով։ Երեք տարով կնքված պայմանագիրը վկայում է լուրջ նպատակների մասին։ Դուք ինքներդ գիտեք, որ կարելի է գրել մեկ տարի, կամ տասը։ Դա բան չի փոխում։ Բայց այն, որ պայմանագիրը երկարաժամկետ է, լրջության մասին է խոսում։

Ձեռ առջեւ դրված է առաջադրանք՝ թիմը դուրս բերել Առաջին լիգա՞։

Այո, միանշանակ։ Իսկ հաջորդ տարի միանգամից դուրս գալ Պրեմիեր լիգա։

Հասցրե՞լ եք ծանոթանալ թիմին։

Այո, բոլոր ֆուտբոլիստներին գիտեմ, մի քանիսի հետ աշխատել եմ։ Մեզ մոտ կան թե՛ երիտասարդ, եւ թե՛ փորձառու ֆուտբոլիստներ։ Բոլորին չեմ թվի, դուք նրանց գիտեք։ Այսօր ծանոթացա թիմի հետ, իսկ վաղն արդեն մեկնում ենք արտագնա խաղի։

Դուք միշտ ասել եք, որ Ձեր երազանքն է գլխավորել Երեւանի «Արարատը»։ Այժմ գլխավորելու եք Մոսկվայի «Արարատը»։ Կարելի՞ է ասել, որ երազանքի կեսն իրականացավ, թե՞ դա այլ պատմություն է։

Ինձ մոտ հպարտության զգացողություն է։ Ես միշտ երազել եմ գլխավորել «Արարատը»։ Այժմ պետք է մտածել ինչպես իրականացնել երազանքը։ Քիչ է հասնել երազանքին, պետք է նաեւ իրականացնել այն։

Հայկական ֆուտբոլում աշխատելու ցանկությունը չի՞ մարել։

Ռուսաստանում ես շատ հակասական կերպար եմ համարվում։ Անգամ այն թիմերում, որտեղ հաջողության եմ հասել, իմ հանդեպ վերաբերմունքը թե երկրպագուների, թե լրագրողների կողմից միանշանակ չի եղել։ Այստեղ քչերը գիտեն, որ ինձ համար շատ կարեւոր է բարձրացնել հայկական ֆուտբոլը։ Ես հասկանում եմ, որ արդեն պատանի չեմ, իսկ գիտակից տարիքում մեծ պատասխանատվության զգացում է առաջ գալիս։ Ես կցանկանայի բարձրացնել ֆուտբոլը Հայաստանում եւ հասնել լուրջ նպատակների։ Այդ միտքն ապրում է իմ գլխում։

Վերջին ժամանակներս Դուք մարզական մամուլում ամենաքննարկվող մարդկանցից էիք։ Ձեզ մեջբերում էին, քննադատում, գովում՝ Ձեր մամուլի հետ աշխատելու ոճի համար։ «Արարատում» աշխատելու ոճը տարբերվելո՞ւ է նախկինից։

Այո, այն կլինի այլ կերպ։ Ինքս ինձ լիովին փոխել չեմ պատրաստվում, բայց իմ հանդեպ այդքան մեծ ուշադրություն չեմ ցանկանում։ Ես ուզում եմ, որ ուշադրությունը բեւեռված լինի խաղին, ոչ թե իմ անձին։ Իմ անձը ինձ արդեն հասցրել է հոգնեցնել։

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news