News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:

Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, եւ այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետեւ ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, եւ ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է:

Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետեւում, արդյոք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում եւ այլն:

Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարեւոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը:

Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ եւ դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, եւ ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի եւ Սփյուռքի ահազանգերին, թեեւ Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:

Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա, եւ ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որեւէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել: Մինչդեռ խնդիրն էականորեն կհեշտանա, կամ գուցե ընդհանրապես օրակարգից դուրս գա, եթե այդ անօդաչուները կառավարվեն հենց ադրբեջանցիների կողմից, որոնք քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին կկարողանան լիարժեքորեն տիրապետել այդ զենքին:

Արդյոք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:

Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության եւ ոչ թե փաստերի առկայության հետեւանք էր: Այդ ժամանակ հայկական կողմը չուներ տեխնիկական այնպիսի բագաժ, որ կարողանար նաեւ փաստեր արձանագրել:

Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի եւ առաջնագծի տեխնիկական եւ սպառազինության համալրումների մասին:

Երեւանն այս սկանդալում, կարծես թե, ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերեւս վկայում նաեւ Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որեւէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով եւ կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:

Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության եւ ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առեւտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետեւում քննարկվող ամենակարեւոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:

Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու եւ սկանդալից խուսափելու նպատակով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչեւ Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:

Հ.Գ. Ըստ իսրայելական մամուլի հրապարակման՝ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հայկական դիրքերին անօդաչու սարքով հարված են հասցրել մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ հուլիսի առաջին կեսին: Հենց այդ ժամանակահատվածում էր հերթական անգամ լարվել իրավիճակը շփման գծում, հայ զինվորներ վիրավորվեցին, իսկ հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով ադրբեջանցի փոքրիկ զոհվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ