News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դրսից՝ ոչինչ չասող ու չգրավող, ներսից՝ ջերմ ու հյուրընկալ. Գյումրիի «ամենածեր» թանգարանում ենք: Վարպետաց փողոցում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին հուշող ոչ մի ցուցատախտակ չեք գտնի, իսկ մեծ գրողի արձանն էլ թաքնված է մի անկյունում, մի խոսքով, Ձեզ կամ պետք է ուղեկցի գիտակը, կամ դուք երկար վերեւ ու ներքեւ կքայլեք՝ փորձելով փողոցի շենքերը «նմանեցնել» մեծ վարպետին:

Պատերից ներս իրավիճակը լրիվ այլ է. միանգամից հայտնվում ես 1830-ական թվականների Գյումրիում: Ավետիք Իսահակյանի պապն Ալեքսանդրապոլ է տեղափոխվել 1830-ական թվականներին եւ այստեղ կառուցել հսկայական մի շինություն՝ բաժանելով այն երկու որդիների միջեւ: Տարիներ շարունակ այստեղ հնչել է Գրիգոր Նարեկացի, նվագել են Իսահակյանի քույրերը, մայրն էլ այդ ընթացքում ճախարակի վրա թել մանել: 

Ողջ կոլորիտն այսօր էլ պահպանված է: 2002թ.-ին վերաբացված թանգարանում աշխատակիցներն ամեն ինչ դասավորել են այնպես, ինչպես եղել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբին:

«Իսահակյանի տունը թանգարանի է վերածվել նրա ծննդյան 100-ամյակի նախօրեին՝ 1975թ.-ի հոկտեմբերի 29-ին, բայց ծննդյան օրը հոկտեմբերի 30-ն է: Երկրաշարժի ժամանակ թանգարանը շատ է տուժել, միայն 3 օր անց է հաջողվել բոլոր իրերն այլ վայր տեղափոխել: 2002թ.-ին թանգարանը կրկին իր դռները բացել է այցելուների առաջ»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը՝ ուղեկցելով սենյակից սենյակ:

Ահա եւ թոնրատունը, հենց այստեղ է լույս աշխարհ եկել Ավետիք Իսահակյանը: Գրողն իր զրույցներում հաճախ է անդրադարձել թոնրատանը՝ անվանելով այն սուրբ վայր: Ժամանակին այստեղ երկու թոնիր է եղել՝ ճաշ պատրաստելու եւ հաց թխելու: Երկրաշարժից հետո շինարարների անտեղյակության կամ անփութության պատճառով հաց թխելու թոնիրը փակվել է:

«Կուզենայի վերաբացել այդ թոնիրը, որ ծուխ դուրս գար Իսահակյանի տնից, կուզենայի՝ լավաշ թխեինք, հյուրասիրեինք, որ իմանային՝ Իսահակյանի տուն մտնողն առանց հացի չի կարող դուրս գալ»,- ասում է Կարինե Վիրաբյանը:

Թոնիր ունենալը թանգարանի տնօրինության միակ երազանքը չէ: Տիկին Կարինեն ցածրաձայն ասում է, թե ինչքան կցանկանար բակում դաշնամուր ունենալ, երաժշտական երեկոներ հրավիրել, այնպես, ինչպես եղել է Իսահակյանների տանը 1830-ական թվականներին: Թանգարանի դիմաց հսկայական ցուցանակը նույնպես կարող ենք երազանքների շարքին դասել: Մինչ թանգարանի տնօրենը երազանքներից էր խոսում, ես հասցնում էի նկատել մեծ գրողի տան մեծ ու փոքր խնդիրները, որոնց լուծման համար թերեւս շատ գումար հարկավոր չէ:

Պատերը ներկել, պատուհանագոգերը փոխել, Իսահակյանի տան ոճի վարագույրներ պատվիրել, հատակն ու առաստաղը վերանորոգել: Մի խոսքով, թանգարանը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Չնայած թանգարանը պատկանում է համայնքին եւ տարեկան որոշակի գումար է ստանում, սեփական բյուջեով խնդիրները լուծել հնարավոր չէ: Սա էլ հերիք չէ՝ ամառվանից թանգարանը մուտքավճարով է, ինչը նշանակում է՝ այցելուների թիվն ավելի կնվազի:

Գյումրին տուրիստական քաղաք «դարձնող» իշխանությունները մոռանում են, որ «քաղցր աչքով» նաեւ թանգարաններին է պետք նայել՝ վերանորոգելով եւ ավելի գրավիչ դարձնելով զբոսաշրջիկի համար: Այդ «քաղցր աչքի» կարիքն առաջինը հենց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն ունի, որի վերանորոգման աշխատանքները հրատապ պետք է իրականացնել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ