News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարեւորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Նախարարը Հանրապետության նախագահին զեկուցել է նաեւ հակակոռուպցիոն եւ պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

Արդարադատության նախարարը նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է նաեւ էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվող էլեկտրոնային կառավարման համակարգերն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սերժ Սարգսյանը պետական մարմինների գործունեության թափանցիկության, վարչարարության պարզեցման տեսանկյունից ընդգծել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարեւորությունը եւ հանձնարարել այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները:

Դավիթ Հարությունյանի զեկույցը ներառել է նաեւ քրեակատարողական, պրոբացիայի եւ նախարարության համակարգման ներքո գտնվող այլ ոլորտների հիմնախնդիրներն ու դրանց լուծմամբ այդ ոլորտներում արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:

Հանրապետության նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաեւ վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները եւ ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ