News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի եւ Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաեւ առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի եւ Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաեւ առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների եւ առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ հաջորդ տարի Հայաստանը նշելու է Չեխիայի եւ Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ քառորդդարյա այդ հոբելյանը նշվի իրական ձեռքբերումներով:

«Ես ուրախ եմ, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները, ինչը շատ տեսանելի է հատկապես բարձրաստիճան փոխայցելությունների առումով, որոնք իրենց դրական ազդակներն են փոխանցում համագործակցության բոլոր ոլորտներին: Եվ շատ կարեւոր է, որ այդ այցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվել են կամ որոշ մասը գտնվում են ընթացքի մեջ:

Չեխիայի Հանրապետությունն ունի զարգացած տնտեսություն: Հայաստանի համար ես այդ երկիրը համարում եմ կարեւոր գործընկեր: Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում: Կարծում եմ՝ եւ՛ մենք, եւ՛ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, եւ այստեղ իրենց ներդրումն ունեն նաեւ չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեեւ շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20 տոկոսով: Սա վերաբերում է նաեւ Սլովակիայի հետ հարաբերություններին: Կարծում եմ՝ եւ՛ Չեխիան, եւ՛ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարեւոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել: Տեղյակ եմ կայացած հանդիպումների մասին, գիտեմ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, կոնկրետ ծրագրերի մասին, բայց կցանկանայի, պարո՛ն Սեյրանյան, որպեսզի հիմա Դուք համակարգված խոսեք մեր անելիքներից, եւ իհարկե, եթե կան խնդիրներ, առաջին հերթին՝ այդ խնդիրների մասին, որոնց լուծումը, իրոք, կբերի տնտեսական աշխուժության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-չեխական եւ հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ