News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն արգաձանքել է Փաստաբանների ալատի նախագահ Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին:

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ենթադրում եմ, որ այն ուղղված է նաեւ ինձ:

Ելնելով քաղաքավարության կանոններից, հաշվի առնելով, որ կոչի հեղինակը սպասում է արձագանքի, սույնով հայտարարում եմ հետեւյալը՝

Նախ, պարոն Զոհրաբյան, Համերաշխության կոչի հասցեատերը այն փաստաբանները չեն, ովքեր, ըստ Ձեզ, վիրավորված կամ դժգոհ են Պալատից կամ Ձեզանից:

Համերաշխության կոչի միակ իրական հասցեատերը անձամբ Դուք եք:

Զերծ եմ մնում այստեղ մանրամասն անդրադարձից այն մասին, թե ինչ եւ հատկապես ինչու տեղի ունեցավ եւ շարունակվում է Պալատում Ձեր պաշտոնավարման օրոք, միայն ցանկանում եմ ասել հետեւյալը՝

• Փաստաբանի մասին զրպարտող հոդված պատվիրելը

• Փաստաբանի հաճախորդին փաստաբանի դեմ իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելուն դրդելը

• Փաստաբանի դեմ գործակալական ցանցի կիրառումը

• Փաստաբանի դեմ համացանցային տրոլինգը

• Փաստաբաններին քննադատելու համար կանոնադրությամբ չնախատեսված ժողովներ կամ խորհրդակցություններ հրավիրելը եւ անցկացնելը

• Փաստաբանի դեմ նրա հաճախորդների կամ նույնիսկ դատավարական հակառակորդների լարումը՝ բողոքներ ներկայացնելու համար, իսկ հաճախորդներին՝ պայմանագրերը լուծելու համար եւս

• Փաստաբանի դեմ խուլիգանական ստոր հարձակման կազմակերպումը, իսկ այնուհետեւ մեղավորների հովանավորումը

• Փաստաբանի դատական պաշտպանության իրավունքի դե ֆակտո զրոյացումը՝ պալատի դեմ գործերով

• Փաստաբաններին հրապարակային վիրավորանքներից եւ զրպարտությունից չպաշտպանելը, այլ նման արտահայտությունների անհասկանալի պաշտպանությունը

• Փաստաբանի վրա ճնշման փորձը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների ներգրավմամբ

• Փաստաբանների դեմ կարգապահական գործերի անհիմն հարուցումը եւ պարզապես ակնհայտ ապօրինի հետապնդումը, կարճ ասած՝ կարգապահական «վակխանալիան»

• Փաստաբաններին «իշխանականների» եւ «ընդդիմադիրների» բաժանումը

• Փաստաբանների դեմ համագործակցությունը պետական մարմինների հետ

• Փաստաբանների «ցուցակների» կազմումը եւ դրանց ներկայացնելը իրավապահներին

• Փաստաբանների հետ ուժի դիրքերից խոսելը եւ անգամ վերը նշված կոչը տարածելը

• Փաստաբանների ընտանեկան եւ անձնական կյանքին ապօրինի ներխուժումը եւ տեղեկատվության տարածումը

• Փաստաբանների կողմից հնչեցվող քննադատության փաստացի բացառումը եւ սկզբունքորեն չընդունելը

• Փաստաբանից գաղտնի, նրա վերաբերյալ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելը

• Խորհրդի կազմից անհաճո անդամին հեռացնելը,

Ինչպես նաեւ փաստաբանական կառույցում ինքնակառավարման եւ ինքնակարգավորման սկզբունքների փաստացի ոչնչացումը եւ «մեծամասնության» թելադրողի կերպարի ձեւավորումն ու արմատացումը եւ շատ այլ երեւույթներ, որոնց մասին բազմաթիվ անգամ նշել եմ հրապարակավ, չեն հանդիսանում համերաշխության հիմք, չեն կարող հանդիսանալ հիմք նաեւ Ձեր կողմից նշված հարաբերությունների պարզման համար (լուծման նպատակով) եւ բնականաբար հարաբերությունների նոր էջ սկսելու եւ անցյալը մոռանալու համար:

Գիտեմ, որ սույն տողերը ընթերցելուց հետո ինձանից կարող են պահանջվել ապացույցներ, ասեմ միանգամից, որ ինչ ունեմ, չեմ պատրաստվում ներկայացնել հանրությանը, շատ բաներ հայտնի են Ձեր իսկ ելույթներից, շատ բաներ հայտնի են հանրորեն մատչելի աղբյուրներից, մի շարք բաների մասին պարզապես տեղեկացվել եմ բանավոր՝ վստահելի աղբյուրներից, այսինքն՝ կարող եք այս ամբողջը համարել պարզապես իմ սուբյեկտիվ գնահատողական կարծիք:

Այդուհանդերձ, գտնում եմ, որ իրոք պետք է վերջ դրվի այն ամենին, ինչ վնասում է փաստաբանությանը:

Ելքը տեսնում եմ երկու տարբերակով՝ 2-րդ պալատի ձեւավորում կամ պալատի արմատական բարեփոխում՝ կոնֆեդերատիվ սկզբունքներով, մասնավորապես, պալատի կազմում ամբողջությամբ ինքնավար կառույցների ստեղծում, որոնք կբացառեն Ձեր եւ Ձեզ ենթակա Խորհրդի իշխանական մենաշնորհը:

Երկու տարբերակների մասին էլ հետագայում կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն»:

Տպել
Ամենաշատ