News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին Վանաձորի Հայքի հրապարակի ծաղկանոցներում անվրդով արածող 4 կովերին նախ նկատել էին տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանները: Համայնքային բյուջեի սուղ միջոցներից կատարված հատկացումների հաշվին կանաչապատված-բարեկարգված ծաղկանոցներների ծաղիկներն անխնա ոչնչացնող անասուններին ոստիկանները նախ դուրս էին հանել այդ տարածքից, ապա փորձել գտնել տիրոջը: Պարզվել էր, որ տերը բնակվում է հրապարակից ոչ հեռու, սեփական տներից մեկում:

Ի դեպ, չնայած նրան, որ քաղաքի տարբեր հատվածներում հաճախ են գրանցվում կովերի կողմից կանաչապատ տարածքների ոչնչացման դեպքեր, սա առաջին անգամն էր, որ անասնատերը հայտնաբերվել էր:

Վանաձորի քաղաքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, վարչական վարույթի լսումներին հրավիրվել էր նաև անասնատերը:

Չնայած պատշաճ իրազեկված լինելու հանգամանքին, վերջինս չէր ներկայացել լսումներին: Այս հանգամանքը, սակայն, չէր խանգարել, որպեսզի Վանաձորի քաղաքապետարանը մեղմ մոտենա հարցին:

Անասնատիրոջ թույլ տված իրավախախտումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք է և առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

Հաշվի առնելով օրենքի տարբեր դրույթները, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլայանը որոշում էր կայացրել Հ. Դարբինյանին վարչական պատասխանատվության չենթարկել և սահմանափակվել բանավոր դիտողությամբ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, ինչո՞ւ է քաղաքապետարանը նման մեղմ մոտեցում ցուցաբերել քաղաքի ամենագեղեցիկ ծաղկանոցները ոչնչացնող անասնատիրոջ նկատմամբ, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Քանի որ սա անձնավորված առաջին դեպքն էր ու քաղաքացին, իր խոսքով, գտնվում էր սոցիալապես ծանր պայմաններում, որոշեցինք բավարարվել դիտողությամբ»:

Հարցին՝ արդյո՞ք սա վատ նախադեպ չի դառնա ու անպատժելիության մթնոլորտ չի ձևավորվի նաև այլ անասնատերերի շրջանում, քաղաքապետը վստահեցրեց. «Հաջորդող բոլոր դեպքերում անպայման ավելի խիստ ենք մոտենալու ու կիրառելու ենք տույժ-տուգանքների մեխանիզմը»:

Տպել
Ամենաշատ