News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շատ տարիներ առաջ շվեյցարացի թարգմանիչ եւ անկախ լեզվաբան Ռեմի Վիրդան ընթերցել է հայերեն հնչյունաբանության եւ քերականության մասին գիրք, թե հնդեվրոպական լեզվից որ բառերն են փոխառվել եւ ընթացքում ինչպես են դրանք փոխվել:

Գրքում նկարագրված ամեն ինչը կարծես լեզվաբանին պարզ ու հասկանալի էր, բացառությամբ որոշ մանրամասների, որոնք նա որոշեց հստակեցնել: Այսպես սկսվեց Ռեմի Վիրդայի ծանոթությունը հայերենի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռեմի Վիրդան ասել է, որ սկզբում պարզապես ուզում էր հասկանալ, թե ինչու որոշ փոխառված բառերում հնչյունները կանոնների համաձայն չեն փոխվել. ոչ այնպես ինչպես այլ նման բառերում:

«Այդպես սկսեցի զբաղվել դրանով, ուզում էի հայոց լեզվի ուսումնասիրության մեջ իմ ավանդն ունենալ: Բայց որքան շատ էի աշխատում, այնքան նոր աշխատելու տեղ էր բացվում», - պատմել է լեզվաբանը, ով գրել եւ հրատարակել է մի շարք հոդվածներ հայոց լեզվի եւ նրա պատմական հնչյունաբանության մասին:

Նրա խոսքով՝ պատմական հնչյունաբանությունը շատ հետաքրքիր է, քանի որ այն ուսումնասիրում է, թե ինչպես է դարերի ընթացքում լեզուն փոխվել եւ երբ եւ ինչ պայմաններում են տեղի ունեցել որոշ փոփոխություններ: Այս գիտությունն, ըստ լեզվաբանի, օգնում է ավելի լավ հասկանալու, թե որտեղից են առաջացել հայերեն բառերը:

Ավելին՝ այն կարող է բացատրել, թե ինչու են որոշ լեզուներով շատ բառեր նման. դա պարզապես պատահականություն է թե իրականում նրանք ունեն նույն արմատը:

Այս ամենը կարող է լույս սփռել նաեւ այս լեզուներով խոսող ժողովուրդների ծագման հարցում:

Նրա խոսքով՝ անգլերեն «bad» (վատ) եւ պարսկերեն «բադ» բառերը նույն կերպ են հնչում եւ նույն նշանակությունն ունեն, բայց իրականում դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն: Անգլերեն բառը հնդեվրոպական լեզվաընտանիքից է փոխառվել, իսկ պարսեկերենը՝ հին պարսկերենից:

Իսկ հայերեն կամուրջ բառը իսկապես կապ ունի հունարեն «géfyra» բառի հետ: Նույն արմատն ունեն հայերեն երկու եւ անգլերեն «two» եւ հունարեն «դուո» բառերը:

Ռեմի Վիրդան Երեւանում մասնակցում է հայոց լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովին (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL), որը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ