News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը վտանգում է իրավական պետության հիմքերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին,  ՀՀ Քննչական կոմիտեի մասնագիտական տոնի կապակցությամբ միջոցառման ժամանակ իր ուղերձում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

ՔԿ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«ՀՀ նախագահի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ երեք տարի առաջ ստեղծված ՀՀ քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի առջեւ նախագահը խնդիրներ է դրել ապահովել քննիչների անկախությունը՝  որպես լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության երաշխիք:

ՀՀ–ում 2015-2016թթ. քննչական մարմինների վարույթում եղած քրեական գործերի շուրջ 94%-ը քննվել են Կոմիտեի վարույթում:

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է լայնածավալ միջոցառումներ, եւ  դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։

Նախաքննության արդյունավետության կարեւորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը ըստ ավարտված գործերի՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34.%, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, եւ նկատվում է կայուն աճ:

Աճել է նաեւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել են փոխանցված քրեական գործերի քանակը։ Եթե` 2015 թվականից 2016 թվական փոխանցվել է 3268, ապա՝ 2016 թվականից 2017թ.՝ 2566 քրեական գործ, այսինքն՝ 702 գործով պակաս:

ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ  կասեցված քրեական գործերի քանակը այլեւս չի հաշվառվում։ Քրեական գործերի վարույթը կասեցնել՝ նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելը ինքնին դրական երեւույթ չէ, ուստի այն չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Նախաքննության համակողմանիության եւ օբյեկտիվության ապահովումը Քննչական կոմիտեի մարտահրավերներից է։ Խորհրդային ժամանակներից կարծրացած է եղել այն գաղափարը, որ քննիչը մեղադրական գործառույթ իրականացնող մարմին է, քրեական հետապնդման մարմին. Առայսօր իր ազդեցությունը պահպանում է դեռեւս Խորհրդային պետության գլխավոր դատախազ Ա. Վիշինսկու այն կործանարար գաղափարը (1924թ.), ըստ որի` քննիչը դատախազի օգնականն է: Նախաքննության մեղադրական ուղղվածությունն ուղղակիորեն նպաստում է նաեւ մեղադրական արդարադատության ձեւավորմանը։ Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձեւավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը եւ դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։

ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձեւավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ։

Քննիչի որոշմամբ արդարացնող հիմքով կարճումների թիվը 2015թ. համեմատ  2016թ. աճել է 173-ով:

Պարոն նախագահ, Ձեր անմիջական պահանջներից մեկն էլ մինչդատական վարույթի ժամկետների կրճատումն է: Հատուկ ցանկանում եմ կանգ առնել նախաքննության ժամկետների վրա։ Երկար տարիներ հանրային ընկալման մեջ նախաքննության մարմիններից դժգոհությունների հիմնական պատճառը պայմանավորված է եղել նախաքննության տեւական ժամկետներով, ուստի մենք իրականացրել եւ իրականացնում ենք նպատակաուղղված քայլեր։ Կարող ենք փաստել, որ էապես աճել են մինչեւ երկու ամիս ժամկետում ավարտվող քրեական գործերի քանակը եւ զուգահեռ նվազել մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը։ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի արդեն 51%-ը, այսինքն՝ կեսից ավելին, քննվել է նախատեսված երկամսյա ժամկետում:

Նվազում է նկատվում նաեւ ավելի երկար ժամկետներում քննված գործերի մասով:

Մեկ տարուց ավելի ժամկետում քննված գործերի քանակը  2017 թվականի 1-ին կիսամյակում ընդամենը 2.0%-ն է:

Տպել
Ամենաշատ