News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի խորհուրդը հոկտեմբերի 10-ին կասեցրեց փաստաբան Արամազդ Կիվիրյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի գործի քննությունը:

Նիստի մեկնարկին Արամազդ Կիվիրյանը հայտարարեց, որ այս գործի վարույթը պետք է կասեցվի, քանի որ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից կարգապահական վարույթ հարուցելու որոշումն իրենք բողոքարկել են դատարան: Նշենք, որ Արամազդ Կիվիրյանի նկատմամբ հարուցվել է 3 կարգապահական վարույթ, դրանցից մեկով արդեն իսկ կա որոշում՝ 150 հազար դրամ տուգանք եւ 6-ամյս վերապատրաստման դասընթաց: Այս որոշումը նույնպես Կիվիրյանն ու իր պաշտպանները բողոքարկել են դատարան: Հետաքրքիր է, որ այս երեք կարգապահական վարույթներն էլ վերաբերում են նույն փաստական հանգամանքներին, սակայն «որոշվել է» առանձին քննել դրանք:

Խորհուրդը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նախօրեին նախ մերժեց Կիվիրյանի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, ապա նիստը նախագահող Տիգրան Խուրշուդյանը հետաքրքրվեց՝ արդյոք 150 հազար դրամ տուգանքի որոշումը նույնպես բողոքարկվել է դատարան:

«Վիճարկվել է այն ամենը, ինչ հնարավոր է, բայց ինչո՞ւ եք իմ միջնորդությունը մերժելուց հետո նման հարց տալիս, եւ ի՞նչ կապ ունենք դրանք իրար հետ»,- Խորհրդի անդամներին դիմեց Արամազդ Կիվիրյանը:

Առանց պարզաբանում ներկայացնելու՝ Տիգրան Խուրշուդյանը պահանջեց հայցադիմումը, իսկ անդամներից Տարոն Սիմոնյանն էլ խոստովանեց՝ միջնորդության քննարկման ժամանակ եղել է այլակարծություն եւ հայցադիմումն անհրաժեշտ է հետագա քննարկման համար: Ստանալով հայցադիմումը՝ Խորհրդի անդամները կրկին հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Րոպեներ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Տիգրան Խուրշուդյանը հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվում է եւ գործի վարույթը կասեցվում: Զավեշտալի է, որ այս գործը կասեցվում է մեկ այլ կարգապահական վարույթի վերաբերյալ կայացված որոշումը դատարան բողոքարկելու հիմքով:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Խորհրդի կայացրած որոշմանը, փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց. «Իրականում այդ երեք կարգապահական վարույթներն էլ իրավական առումով հիմնավոր չեն, այստեղ գործում է բացառապես Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կամքն ու ցանկությունը՝ օգտագործել բոլոր միջոցներն իմ դեմ ճնշում գործադրելու համար, սակայն ինքը չարաչար սխալվում է: Ինչ վերաբերում է այս գործին, անհասկանալի էր հիմքը, որով կասեցվեց գործի վարույթը: Իրավական տեսանկյունից նման բան չէր կարող լինել. մեկ այլ կարգապահական վարույթի վերաբերյալ որոշումը չի կարող հիմք լինել լրիվ ուրիշ կարգապահական վարույթի գործը կասեցնելու համար»:

Փաստաբանը նշեց, որ այս որոշումը ստանալուց հետո կքննարկեն այն բողոքարկելու հարցը:

Հիշեցնենք, որ այս կարգապահական վարույթներն ի սկզբանե հարուցվել են քաղաքացի Աշլի Մինասի դիմումի համաձայն, որի շահերը նախկինում ներկայացրել է Արամազդ Կիվիրյանը մի քաղգործի շրջանակում: Մինասը Կիվիրյանի ազգականի՝ Արմինե Պողոսյանի ամուսինն է: Փաստաբանն Աշլի Մինասի շահերը պաշտպանել է հենց Պողոսյանների խնդրանքով եւ դեռեւս այդ ժամանակ գրավոր կարգով Մինասի կողմից տրվել է համաձայնություն այլ անձանց շահերը ներկայացնելու վերաբերյալ: Աշլի Մինասի եւ Արմինե Պողոսյանի ամուսնալուծությունից հետո Արամազդ Կիվիրյանը սկսել է ներկայացնել Արմինե Պողոսյանի շահերը:

«Ներկայումս ես պաշտպանում եմ իմ ազգականների շահերը, իսկ ժամանակին հենց նրանց խնդրանքով եմ ներկայացրել նաեւ այն Աշլի Մինասի շահերը, որի անունից իմ դեմ բողոք է ներկայացվել»,- ավելի վաղ ասել էր Արամազդ Կիվիրյանը:

Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել 2013թ.-ին, սակայն ՓՊ դիմում է ներկայացվել 2016թ. վերջին եւ այս տարվա սկզբին: Ի դեպ, դիմումը Պալատ ներկայացրել է Աշլի Մինասյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը, որը նախօրեին նիստին ներկայացել էր, սակայն, տեսնելով ԶԼՄ ներկայացուցիչներին, անմիջապես լքել էր նիստերի դահլիճը:

Տպել
Ամենաշատ