News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։

2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ  ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեկ անձ  մահացել է, երկուսը՝  ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ավտովթարի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս,  նկատել է իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ փողոցը հատող կենդանու եւ, խախտելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փոխարեն՝  մեքենայի ղեկը կտրուկ ձախ ու աջ մանեւրելով՝ կորցրել է իր վարած տրանսպորտային միջոցի կառավարումը։ Արդյունքում՝ հարվածել ու կոտրել է կամուրջի պաշտպանիչ մետաղյա ճաղավանդակը եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննությամբ պարզվել է, թե վթարի պահին ով է գտնվել ավտոմեքենայի ղեկին, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատամանրաթելային, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ