News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել: Այս մասին, հոկտեմբերի 13-ին, հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝Տավուշի մարզ կատարած  աշխատանքային այցի ժամանակ:

«Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռեւս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձեւավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն: Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով եւ նրանց աջակցում են մարդիկ, որոնք այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտներն ստանալու համար: Առավել եւս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով եւ տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»,- շեշտել է նախարարը:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս տարի բնակիչներին է տրամադրվել  2200 խմ  թափուկ եւ նախատեսվում է առաջիկայում տրամադրել եւս 1900 խմ:

Պարկի տնօրենը հայտնել է, որ իր ղեկավարած կառույցի պատասխանատուների կողմից պարբերաբար բացատրական աշխատանքներ  տարվում են բնակիչների հետ, բայց դրանք դեռ արդյունքներ չեն տվել, ինչի մասին փաստում են ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը: «2017 թվականի ընթացքում կազմվել է 83 անտառխախտման արձանագրություն` 737 ապօրինի հատված ծառի համար, որից  9 ակտ` 50,6 խմ քամատապալ փայտանյութ ապօրինի դուրս բերելու համար:  Հուլիսի 24-ից առ այսօր հարուցվել է 13 քրեական գործ, ինչի հետեւանքով աշխատանքից ազատվել է «Հաղարծին» տեղամասի ղեկավարը, իսկ նորանշանակ ղեկավարը նույն տեղամասում հայտնաբերել է  409 ապօրինի հատված ծառեր»,- հայտնել է Ա. Աբրահամյանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը հայտնել է, որ բնակչությանը պարբերաբար ասվել է ապօրինի ծառահատումների անթուլատրելիության մասին, իսկ համայնքի բնակիչները թափուկի ձեռքբերման խնդիր չունեն: Լուծման կարիք ունի անանցանելի վայրերում գտնվող թափուկի դուրսբերման հարցը, ինչի համար անհրաժեշտ  են ճանապարհներ բացել:

ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանն  շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ առաջնային  համարել, որ յուրաքանչյուր հատված ծառի համար լինեն կոնկրետ պատասխանատուներ, ինչը մեծապես կախված է նաեւ ազգային պարկի աշխատակիցների արդյունավետ գործելուց: Դատախազը տեղեկացրել է, որ երկու օր առաջ հարուցվել է քրեական գործ որտեղ կա կոնկրետ պատասխանատու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ