News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը եւ դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային եւ թե´ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

ԱԶԲ փոխնախագահը հանդիպման սկզբում ջերմությամբ է հիշել նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումը եւ իր հերթին գոհունակությամբ փաստել, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը նկատելի առաջընթաց է արձանագրել: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարեւոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:

ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկն այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ համատեքստում Վենկայ Ժանգը Հանրապետության նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում եւ դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր:

ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում:

Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Հանրապետության նախագահի կարծիքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետեւողական շարունակումը կարեւորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման եւ այլն:

ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարեւորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ