News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ, միլիարդատեր եւ հեղափոխական Սաադ Հարիրին ժամանակին քաղաքական միավորներ է վաստակել իր երկրում սիրիական ազդեցության դեմ պայքարով: Նա դարձել է հոր՝ Ռաֆիկ Հարիրիի գործը շարունակողը, որը սպանվեց խորհրդավոր հանգամանքներում: Սաադ Հարիրին, ում անձնական կյանքը խնամքով գաղտնի է պահվում, ամուսնացած է արաբ գեղեցկուհու՝ Լարա ալ Ազեմի հետ, որը ազդեցիկ սիրիական ընտանիքից է: Նրանք երեք երեխա ունեն:

2006 թվականին, Forbes-ի տվյալներով, Հարիրիի կարողությունը կազմել է 4,1 մլրդ դոլար, սակայն արդեն 2008-ի դեկտեմբերին այն 2,6 մլրդ դոլար է գնահատվել, իսկ 2009-ի առաջին կեսին՝ 1,4 մլրդ դոլար: Նրա բիզնես կայսրությունը բացի շինարարության ոլորտից, ընդգրկում է հեռահաղորդակցության, բանկային, անշարժ գույքի վաճառքի, մեդիա ոլորտները: Լինելով Saudi Oger-ի ղեկավարը՝ Հարիրին նաեւ Omnia Holdings ընկերությունն է ղեկավարում, Oger International-ի, Entreprise de Travaux Internationaux-ի, Saudi Investment Bank-ի, Saudi Research and Marketing Group-ի եւ Future Television-ի կառավարման խորհրդի անդամ է:

Աշխեղից մինչեւ նախագահ

Սաադ Ադ Դին Ռաֆիկ Ալ Հարիրին ծնվել է 1970 թվականին՝ իր հայրենիքից հեռու Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, որտեղ էին հիմնավորված նրա հոր հիմնական բիզնես ակտիվները: Սաադը Ռաֆիկ Հարիրիի եւ ծագումով Իրաքից Նիդալ ալ Բուստանիի ընտանիքում երկրորդ որդին է:

Բիզնես կայսրության ժառանգորդը կրթական համապատասխան կարգավիճակը ստացել է՝ սովորելով Ջորջթաունի համալսարանում, որտեղ ջանադրաբար ուսումնասիրել է բիզնեսի կառավարումը: 1992-ին արեւային Արաբիա վերադառնալով՝ Սաադ Հարիրին սկսել է աշխատել  հոր հիմնադրած Saudi Oger շինարարական ընկերությունում: Առաջին տարիներին Սաադը հասարակ աշխղեկ էր եւ կարգավորում էր ենթակապալառուների միջեւ հարաբերությունները:

Հայրը նշանակեց նրան Saudi Oger-ի գլխավոր տնօրեն, որը մինչ օրս արաբական Արեւելքի ամենամեծ կապալառուներից մեկն է, եւ որի տարեկան շրջանառությունը կազմում է 2 միլիարդ դոլար, ունի մի քանի տասնյակ հազար մարդու հաստիք: Բիզնես կայսրության հիմնադիրը որոշեց իր ուժերը փորձել քաղաքականության մեջ:

Հոր գործը շարունակող երիտասարդ ու հավակնոտ ժառանգը եռանդով լծվեց Saudi Oger-ի զարգացմանը: Սակայն շուտով Սաուդյան Արաբիայի ռեզիդենտը ստիպված եղավ վերադառնալ սեփական արմատներին եւ հիշել աշխարհի քարտեզի վրա Լիբանանի գոյության մասին: Դրա պատճառը դարձավ հոր՝ Ռաֆիկ Հարիրիի մահը, ինչը ցնցեց Լիբանանի հանրությանը: Մեծ ընտանիքի խորհրդում որոշվեց, որ հոր քաղաքական դրոշը կբարձրացնի հենց Սաադ Հարիրին, սպանված քաղաքական գործչի կրտսեր որդին՝ Բահաան հրաժարվեց իշխանության հետ կապվելուց:

«Մայրիների» հեղափոխություն

Եվ այսպես՝ ընտանեկան խորհրդի կողմից օրհնություն ստանալուց հետո Սաադ Հարիրին նախ սեփական՝  «Ապագայի շարժում» շարժումն է ստեղծում: Սկզբնական շրջանում սկսնակ հռետորը չէր փորձում օրիգինալությամբ զարմացնել հասարակությանը՝ հենվելով բացառապես սպանված հոր հեղինակության վրա եւ խոստանալով շարունակել նրա գործը: Հեղինակավոր քաղաքական գործչի սպանությունը հասարակական մեծ արձագանք ունեցավ: Կազմակերպվեց ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով՝ հետաքննելու Ռաֆիկ Հարիրիի զոհվելու հանգամանքները: Միջազգային խմբի աշխատանքների արդյունքը եղավ լիբանանյան հատուկ ծառայությունների մի քանի հեղինակավոր պաշտոնյաների կալանքը: Բացի այդ, հանցագործության կազմակերպման լուրջ կասկած ընկավ Սիրիայի վրա:

Սակայն մինչ հանձնաժողովի աշխատանքի սկսելը հանրությունն արդեն մեղադրել էր սիրիական հատուկ ծառայությունների  եւ իշխանության մեջ լիբանանցի հանցակիցներին:  Հետաքննության արդյունքները միայն շիկացրին դժգոհության աստիճանը, եւ ժողովուրդը զանգվածային ցույցերի դուրս եկավ: Մարդկանց գլխավոր պահանջն էր սիրիական ուժերի դուրսբերումն ու նախագահ՝ Սիրիայի դրածո  Էմիլ Լահուդի հրաժարականը:

Ընտրություններ՝ քաոսում

Հասարակական դժգոհության պայթյունը, որը կոչվեց «Մայրիների հեղափոխություն», հանգեցրեց Լիբանանից Սիրիայի զորքերի հարկադիր դուրսբերման եւ իշխանության վերբեռնման: Սաադ Հարիրին, որպես հաղթողներից մեկը, սկսեց պատրաստվել 2005 թվականի խորհրդարանական ընտրություններին: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընտրություններն անցկացվում էին Սիրիայի ազդեցությունից դուրս: Արաբական մյուս երկրների շարքում Լիբանանն աշխարհի քարտեզում առանձնանում է միանգամայն յուրահատուկ, բարդագույն ընտրական համակարգով, որը հիմնված է ոչ մեծ երկրի դավանաբանական բազմազանության վրա:

2006 թվականի մարտին խորհրդակցություններ սկսվեցին Լիբանանի կրոնական համայնքների միջեւ, որոնք ուղղված էին երկրում իրադրության կայունացմանը եւ մյուս պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը: Հարիրին այս գործընթացում առանցքային դեր էր խաղում, որն ավարտվեց մի շարք կարեւոր համաձայնագրերի կնքմամբ:

2009 թվականի հունիսի 7-ին Լիբանանում անցկացվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները, Հարիրիի դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ: Լիբանանի նախագահ Սուլեյմանը 2009 թվականի հունիսի 27-ին Սաադ Հարիրին հանձնարարեց նոր կառավարություն կազմավորել: Նույն տարվա նոյեմբերին երկարատեւ բանակցություններից հետո կազմավորվեց Լիբանանի նոր կառավարությունը. ինչպես նախկինում, դրա մեջ մտնում էին ե՛ւ Հարիրիի դաշինքի ներկայացուցիչները, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները: Նա վարչապետի պաշտոնում վերընտրվել է 2016 թվականին:

Էր Ռիադի «պատանդը». Սաուդյան Արաբիան Լիբանանին վերապահել է Իրանի հետ իր մարտադաշտի դերը

Մոտ 10 օր առաջ Հարիրին, ով նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, Էր Ռիադում գտնվելիս անսպասելի հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Դիտորդներից շատերը կասկածել են, որ Էր Ռիադն է Հարիրիին ստիպել հրաժարական տալ, իսկ լիբանանցի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել էին, որ Հարիրին Էր Ռիադում է պահվում իր կամքին հակառակ: Սակայն Հարիրին այս պնդումները հերքել էր Twitter-ի իր էջում: «Վերջ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես կվերադառնամ առաջիկա երկու օրը: Եկեք հանդարտվենք»,- նշել էր նա:

Սաուդցիները Հարիրիի սադրիչ հրաժարականով Լիբանանում ավելի շուտ հակառակ արդյունքը կստանան, բայց հազիվ թե նահանջեն: Լիբանանցիների առավել մեծ տագնապն է հարուցում Սաուդյան Արաբիայի ահռելի ազդեցությունը Լիբանանի տնտեսության վրա: Թագավորությունում աշխատում է ավելի քան 200 հազար լիբանանցի միգրանտ, որոնք տարեկան Լիբանան են ուղարկում ավելի քան 4,5 մլրդ դոլար: Լիբանանի բյուջեն 25 տարում թագավորությունում գտնվող լիբանանցիներից 75 մլրդ դոլար է ստացել: Իրան Լիբանանի արտահանումը ներկայումս կազմում է տարեկան ընդամենը 3 մլն, իսկ Սաուդյան Արաբիա՝ 378 մլն դոլար, գերազանցապես գյուղատնտեսական արտադրանք: Նման վիճակում Լիբանանն անկարող է չվախենալ Էր Ռիադի տնտեսական պատժամիջոցներից: Առավել եւս, որ նման բան արդեն եղել է, երբ Թեհրանում սաուդյան դեսպանատան վրա հարձակումը դատապարտելուց Լիբանանի կառավարության հրաժարվելու պատճառով Էր Ռիադը 2016 թվականին դադարեցրեց Լիբանանի բանակի եւ անվտանգության ուժերի վերազինման ծրագրի 4 մլրդ դոլարի ֆինանսավորումը:

Հնարավոր է՝ Հարիրին լիբանանյան ամբողջ հանրության համար չափազանց հանրաճանաչ վարչապետ չէր, սակայն նրա վերադառնալու կոչեր են հնչոմ քաղաքական բոլոր կուսակցություններից, որոնք ներկայացնում են Լիբանանի էթնիկական եւ կրոնական համայնքները: Սաուդյան Արաբիան Լիբանանին վերապահել է Իրանի հետ իր մարտադաշտի դերը:

Ըստ ReutersФонд стратегической культурыLentaRTRuspekh

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ