News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անհարմար վիճակում է հայտնվել։ Նոյեմբերի 23–ին  հերթական նիստն է, որը գումարելու համար չպետք է առաջնորդվի ՏԻՄ օրենքի այն դրույթով, որով մինչ օրս գումարել է նիստը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել։  Մամիկոն Ասլանյանի ընտրվելուց հետո ընտրությունը ոչ լեգիտիմ համարող ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների դաշինքի   քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը բազմիցս հայտարարել է, որ հակասահմանադրական է այն դրույթը, որով Մամիկոն Ասլանյանը հրավիրում է նիստ ու որոշումներ կայացնում։ Օրեր առաջ ՍԴ–ն էլ այն հակասահմանադրական ճանաչեց, ինչը ենթադրում է, որ մինչ օրս կայացրած որոշումները անօրինական են, նիստերը՝ նույնպես։ Ենթադրվում էր, որ ՍԴ որոշման հիման վրա Վանաձորի ավագանին պետք է լուծարվեր, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում նախօրեին հայտրարեց, որ մինչեւ մարտի 31–ը պետք է ՏԻՄ օրենքը համապատասխանեցվի Սահմանադրությանը, իսկ ավագանու լուծարման եւ նոր ընտրություն նշանակելու մասին խոսք չկա։  Քրիստ Մարուքյանը  մեզ հետ զրույցում այսօր հայտարարեց, որ իշխանությունը շարունակում է արդարացնել ապօրինությունը եւ լղոզել ՍԴ որոշումը։

«Մի տարի շարունակ հիմնավորում էին, որ ամեն ինչ օրենքով են անում, հիմա էլ ապացուցվեց, որ հակասահմանադրական է։ Հիմա նույն ոգով շարունակում են  նույն գիծը պահել առանց որեւէ հիմնավորման, հիմա, բնականաբար, շարունակվում է օրենքը յուրովի մեկնաբանելու տենդեցը։ ՍԴ վճիռը բոլորի համար պետք է հիմք լինի, որից էլ պետք է բխեն կառավարության եւ ԿԸՀ–ի գործողությունները, բայց հիմա մենք որեւէ կողմից չենք տեսնում համապատասխանեցնելու ցանկության դրսեւորում, դրա փոխարեն տեսնում ենք արադարացումներ եւ շարունակում են այն, ինչ մինչեւ հիմա  արել են։ Եթե չհամապատասխանեցվի ՏԻՄ օրենքը Սահմանադրությանը, պետք է նոր ընտրություններ սահմանվեն»,–ասաց Քրիստ Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվեց 19 մանդատով։ Ենթադրվում էր, որ 33 հոգուց 18–ը քվեարկելու են Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն  4 հոգի դավաճանեց դաշինքին եւ ընտրեց ՀՀԿ–ական թեկնածուին։ Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ բոյկոտելու են նիստերը՝ պարզելու, թե ովքեր են ավագանու այն չորս ընդդիմադիր անդամները, ովքեր փակ քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել էին իշխանության թեկնածուին: Մինչ օրս Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում իրեն ընտրած ձայների քանակով քվորում ապահովել եւ օրենքով սահմանված կարգով նիստ հրավիրել։

Տպել
Ամենաշատ