News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված նիստին: Ի տարբերություն նախկինում իրավապահ մարմիններում եւ ուժային կառույցներում ունեցած սուր եւ քննադատական ելույթներին՝ նախագահի խոսքում այսօր գրեթե կշտամբանք չի հնչել, նա Վահրամ Շահինյանի ղեկավարած կառույցից, կարծես, գոհ է:

Սերժ Սարգսյանը նախ շեշտել է՝ որքան մեծ լինեն քննիչների հաջողություններն օրենքի առջեւ բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի ու զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային եւ ժամանակին համահունչ դրսեւորումներ, ապա քննիչներին հորդորել աշխատելիս չկաշկանդվել պաշտոնյաների անունների հանդիպելիս: 

Նախագահը դրական է գնահատել նաեւ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննությունը, բայց նաեւ ընդգծել, որ պետք է շարունակել տքնաջան աշխատանքը։ 

Աշխատանքային այցով Երեւան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նախարարների բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն իրանական կողմին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Նախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների նախագահների միջեւ պայմանավորվածությունների եւ որոշ ծրագրերի իրականացումը, համագործակցությունն էներգետիկայի եւ հաղորդակցության ոլորտում: Առանձին անդրադարձ է եղել նաեւ ԵՏՄ-ին:

Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ կապերը վերջին տարիներին զարգանում են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ Մասնավորապես, Իրանի արտգործնախարարը նշել է էներգետիկայի եւ տարանցման, բնապահպանության եւ գիտության ոլորտում աշխատանքը։ Այցի շրջանակում Զարիֆը հանդիպել է նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:

Հայ-ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մարմինն այսօր հանձնել են Ադրբեջանին։ Մարմինը փոխանցել են Նախիջեւանի ուղղությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ադրբեջանցու դին հայտնաբերվել էր նոյեմբերի 23-ին, հայ-ադրբեջանական սահմանի միջեւ չեզոք գոտում: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ զոհվածը Ադրբեջանի ԶՈւ կապիտան Բահրուզ Ջալիլբեյլիին, որը փախել է զորամասում տեղի ունեցած միջադեպից։

Արցախի դիրքերից մեկում այս տարվա մարտին ծառայակցին սպանելու մեջ մեղադրվող Միքայել Զաքարյանին Արցախի դատարանը դատապարտել է 10 տարի եւ 3 ամիս ազատազրկման: Սպանված Հովհաննես Հարությունյանի մայրը դժգոհ է դատավճռից. մեր թղթակցի հետ զրույցում այն անարդար եւ խիստ մեղմ պատիժ է որակել: Տուժողի իրավահաջորդը պատրաստվում է բողոքարկել դատավիճռը: Նշենք, որ մեղադրողը Միքայել Զաքարյանի համար 15 տարի էր պահանջել: Ըստ մեղադրանքի՝ Միքայել Զաքարյանը ինքնաձիգով դիտավորությամբ մեկ անգամ կրակել է ծառայակից Հովհաննես Հարությունյանի վրա ու սպանել: Զաքարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Բաբայանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի երկու դրվագներով էլ՝ փողերի լվացում եւ անօրինական ճանապարհով Հայաստան «Իգլա»-ի տեղափոխում: Դատավճռի հրապարակումից հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հայտարարեց, որ սա քաղաքական պատվեր է:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը միացել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող «ՕՐՕ» դաշինքին: Ընտրություններից առաջ, սակայն, Սամվել Բաբայանը ձերբակալվեց եւ մեղադրվեց նախ «Իգլա» Հայաստան տեղափոխելու մեջ, ապա նաեւ փողերի լվացման: Նրա համախոհները քրեական գործը կապեցին Բաբայանի քաղաքական գործունեության հետ: Այս գործով դատաքննությունն ընդհանուր առմամբ տեւեց ընդամենը 4 ամիս, Սամվել Բաբայանը մինչեւ վերջ էլ իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց: Այսօր դատավճռի հրապարակումից հետո Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ դատարանը խիստ պատիժ սահմանեց՝ այս կերպ փորձելով թույլ չտալ, որ իր պաշտպանյալը համաներմամբ ազատվելու հնարավորություն ունենա:

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստն այսօր եւս լարված մթնոլորտում է անցել: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, երբ դատարանը պաշտպանին կոչ է արել միջնորդություններում «քաղաքական ատրիբուտներ»  չօգտագործել: Պաշտպաններն առարկել են դատավորի գործողությունների դեմ՝ դրանք որակելով «կշտամբանք եւ պաշտպանին դաս տալու փորձ»: Բանն այն է, որ երբ Հարություն Բաղդասարյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել, «Սասնա ծռերի» անդամներին քաղբանտարկյալներ է ավարտել, իշխանություններին մեղադրել է ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելու մեջ եւ անդրադարձել Մարտի 1-ի դեպքերին ու զոհերին:

Մեղադրող Հակոբ Ենոքյանը պաշտպանի այս միջնորդությունը համեմատել է Ազգային Ժողովում ելույթ ունեցող քաղաքական գործչի հետ: Մեղադրողի առարկության ժամանակ ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը, որպես բողոքի նշան, փորձել է լքել նիստերի դահլիճը, բայց ոստիկանները թույլ չեն տվել: Այնուհետեւ Մարտիորոս Հակոբյանն իշխանություններին համեմատել է «ղզլբաշների» հետ, իսկ դատարանին մեղադրել իշխանությունների գործիքը դառնալու մեջ:

Դատարանն այսօր մերժել է ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանի, Արամ Մանուկյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին պաշտպանների բողոքը: Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 5-ին է:

Ամերիկյան մամուլն արդեն մի քանի օր է՝ գրում է 25-ամյա Գրիգոր Ազատյանի մասին, որը հրաշքով է փրկվել սպիտակ շնաձկան հարձակումից: Դեպքի տեղի է ունեցել Քալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում, որտեղ Գրիգորը հոր հետ գնացել էր ստորջրյա որսի: Գրիգորի հայրը՝ Արմեն Ազատյանը լրագրողներին պատմել է, որ դեպքի պահին որդին տեսախցիկով նկարահանումներ է արել, երբ տեսել է սպիտակ շնաձկանը։ «Շնաձուկը բռնել եւ բաց չէր թողնում, երկու տեղից՝ ազդրից եւ ծնկից կծել էր։ Գրիգորը չի կարողացել հասնել ոտքին ամրացված դանակին, բայց հարվածել է շնաձկան երախին եւ կարողացել ազատել ոտքը»,- ասել է Արմեն Ազատյանը: Չնայած ծանր վնասվածքներին՝ Արմենը նշել է, որ որդու բախտը բերել է։ Գրիգոր Ազատյանին առաջիկայում եւս մեկ վիրահատություն է սպասվում:

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում է: Նա Դմիտրի Խվորոստովսկիի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018թ. հունվարի 28-ին Նյու Յորքում։

Դոլարի փոխարժեքն աճում է, եվրոյինը՝ նվազում: Նոյեմբերի 28-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484.21 դրամ, եվրոյինը՝ 575, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 644 դրամ:

Հանրապետության շրջանների զգալի մասում նոյեմբերի 29-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ