News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի Սակրեբուլոյի 8 աշխատակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից եւ զբաղեցրած պաշտոնից: «Մեղադրյալները» հերքում են՝ պահանջելով ապացույցներ, հաղորդում է Jnews-ը:

Կուսակցության հայտարարության մեջ նշված են վերջիններիս անուն ազգանունները. Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան եւ Վաղինակ Ղազարյանը: Այս ցուցակից 6 անձ քաղաքապետարանի պատգամավորներ են եւ ընտրվել են «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է՝ «Վրաստանի պատրիոտների դաշինք» կուսակցությունից, Արարատ Նանայանը տեղական իշխանությունների աշխատակից է:

«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը եւ Պետական անվտանգության ծառայությանը նշված քաղաքացիներին իրենց լիազորություններից զրկելու պահանջով՝ նշելով, որ այդ մարդիկ խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Մեղադրանքների համար հիմք է հանդիսացել այն, որ այդ անունները նկատվել են Հայաստանի ընտրացուցակներում:

«Մեղադրյալներից» մեկը՝ Սմբատ Կյուրեղյանը, այդ հայտարարություններին լուրջ չի վերաբերում եւ հերքում է իր երկքաղաքացիության վարկածը: Սեդա Դարբինյանի անունը եւս «մեղադրյալների» ցուցակում է. Նա Նինոծմինդայի քաղաքապետարանի Սակրեբուլոյում առաջին անգամ է ընտրվել որպես պատգամավոր. «Ես Երեւանում ուսանող եմ եղել: Եթե գիտեն, թող ապացուցեն, որ Սեդա Դարբինյանը ես եմ: Անձնագրով թող ապացուցեն: Նրանք պարզապես չեն ուզում տեսնել ինձ այստեղ »:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ