Անկարան կդիմի Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշման չեղարկման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը:
Գործակալության փոխանցմամբ՝ այդ հայտարարությունը արվել է Թուրքիայի նախագահի՝ Կոնիա նահանգում Պաղեստինի աջակցության հանրահավաքի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
«Նախ եւ առաջ Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որեւէ մշտական անդամ երկիր կօգտվի իր վետոյի իրավունքից, ապա Անկարան այս հարցը կներառի Գլխավոր ասամբլեայի օրակարգում եւ կանի ամեն ինչ, որպեսզի Երուսաղեմի վերաբերյալ ընդունված ապօրինի եւ անարդար որոշումը չեղարկվի»,- խոստացել է Էրդողանը:
«Անկարան քայլեր կձեռնարկի, որպեսզի Պաղեստինը հնարավորնս շատ երկրներ ճանաչեն: Այսօր աշխարհի 137 երկիր ճանաչել է Պաղեստինը: Հուսով ենք, որ այս երկրների թիվը կաճի»,- շարունակել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ իսլամական երկրները կստեղծեն նոր հիմնադրամներ՝ պաղեստինցի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին: ԱՄՆ-ի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում եւ բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի: