Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք՝ ԱՄՆ-ն կորցրեց իր չեզոք կարգավիճակը եւ Մերձավոր Արեւելքի բանակցություններում նրա կարծիքը դարձավ «կանխակալ», ինչը Վաշինգտոնի միջնորդական դերի վերջ է նշանակում, հայտարարել է Պաղեստինի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նաբիլ Շաաթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն:
Նրա խոսքով՝ ազնիվ միջնորդ լինելու փոխարեն Վաշինգտոնը, ամբողջովին անցնելով Իսրայելի կողմը, կողմնակալ է դարձել իր դիրքորաշման մեջ: «Երբ նախագահը ասում է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ հաշվի չառնելով նրա կարգավիճակը, որը հատուկ է մուսուլմանների եւ քրիստոնյաների համար, մեզ համար անհնար է դառնում ԱՄՆ-ին որպես միջնորդի վերաբերվել: Սա վերջ է դնում ԱՄՆ-ի՝ միջնորդի դերին»,- հավելել է Պաղեստինի նախագահի խորհրդականը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Պաղեստինը դեմ չէ ԱՄՆ-ի մասնակցությանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր ձեւաչափին, սակայն Վաշինգտոնը չպետք է լիովին իրեն ենթարկի խաղաղության գործընթացը: