News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագծում դրված խնդիրները նախեւառաջ մարդասիրական ու համամարդկային են: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հիշյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հայտարարության նախագծի համահեղինակ Արմեն Աշոտյանը:

Նա այս նախաձեռնության մեջ առանձնացրեց երեք հարթություն. «Նախ, հայ ժողովուրդը ցեղասպանություն վերապրած ժողովուրդ է եւ գիտի, թե ինչ է այդ վիշտը: Երկրորդ, ՀՀ տարածքում ապրում են տասնյակ հազարավոր ազգային փոքրամասնություն, այդ թվում եզդիներ, որոնց նկատմամբ կատարված ոճրագործությունը պետք է պատասխան ստանա: Բայց ոչ պակաս կարեւոր է, որ Հայաստան պետությունն է նման գնահատական տալիս նման երեւույթներին: Սա ոչ թե հայ ժողովրդի գնահատականն է, այլ Հայաստանի օրենսդիր մարմնի գնահատականն է: Պատահական չէ, որ հենց Հայաստանն է նախաձեռնել ցեղասպանությունների վերաբերյալ գլոբալ ֆորումը, որի 3-րդ հավաքը լինելու է Հայաստանում»,-ընդգծեց Աշոտյանը:

Իր հերթին «»Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Համաձայն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 1946 թվականի բանաձեւի, 1948 թվականի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու, ինչպես նաեւ 1968 թվականին ընդունված պատերազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու կոնվենցիայի, կարծում եմ, որ չեք վիճարկի, որ այն, ինչ կատարվել է Իրաքում եզդիների հանդեպ, ցեղասպանություն է, որտեղ եզդիներին սպանել են, որպես կրոնական խումբ: 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ահաբեկչական խմբավորումները գրավելով Մոսուլը, ներխուժեցին եզդիական Սինջար քաղաք, 200 հազար եզդիներ լքեցին իրենց տները եւ ապաստան գտան լեռներում: Գտնվելով շրջափակման մեջ, սպանվեց 3000 եզդի, 400 եզդի կանանց ու երեխաների հրապարակավ խոշտանգել ու անարգել են: Սինջարի գրավման ժամանակ 5000 եզդի կին առեւանգեց, մի մասը սպանվեց, մյուսներին բռնի իսլամացրին եւ ամուսնացրեցին: Այսօր էլ հազարավոր եզդի կանայք ու երեխաներ գտնվում են գերեվարության մեջ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ կոնկրետ «Իսլամական պետության» կարգախոսներից մեկն էր՝ ինչքան շատ եզդի սպանեք, այնքան մեծ է հավանականությունը, որ կհայտնվեք դրախտում:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորների նույն խնդրով նախագիծը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել, սակայն շարունակություն չէրունեցել. «Մենք ավելի վաղ պետք է եզդիների հետ տեղի ունեցածը որակեինք որպես ցեղասպանություն»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշեց, որ ցանկալի կլիներ հայտարարության տեքստում հիշատակել կոնկրետ այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունեցել այդ հանցագործությունը, նաեւ ցանկալի կլիներ հիշատակվել, որ այդ հանցագործություններին զոհ են գնացել նաեւ քրիստոնյա փոքրամասնություններն ու սուննի մահմեդականներ. «Գոնե պատմական համապարփակությունը պետք է երաշխավորված լինի»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց, որ ցեղասպանության վերաբերյալ հարցում ընդդիմությունն ու իշխանությունը ունեն միասնական դիրքորոշում. «Ես կասկած չունեմ, որ նախագիծը կընդունվի միաձայն: Մենք նաեւ պետք է լինենք առաջամարտիկը ընդդեմ ցեղասպանության երեւույթի եւ որն ավելի կարեւոր է, այն ֆեյք-ցեղասպանությունների , որի մասին փորձում են խոսել տարբեր նոր ստեղծված պետություններ: Մեր խնդիրը պետք է լինի պայքարել դրա դեմ: Սրանից հետո հունվարի 16-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր»:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի խորհրդարանում քննարկվում է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ