Պերմի դպրոցում տեղի ունեցած դանակահարության հրահրողները, որի ընթացքում 15 մարդ էր տուժել, դպրոցի տարածք էին ներխուժել պահակի թույլտվությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով շրջանի նահանգապետի մամուլի քարտուղարին:
Ըստ առկա տեղեկության՝ նրանցից մեկը վավեր անցագիր է ցույց տվել, երկրորդը գրանցվել է այցելուների մատյանում՝ նշելով, որ մոռացել է անցագիրը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի առավոտյան: Երկու անչափահաս դանակների կիրառմամբ ծեծկռտուք էին հրահրել, որի հետեւանքով 15 մարդ էր վիրավորվել: Ծանր վնասվածք էր ստացել ուսուցչուհին, որը փորձել էր պաշտպանել երեխաներին: Ծանր վիճակում են նաեւ երկու այլ աշակերտները: Կռվի հրահրիչները ձերբակալվել են: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: