News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում իր եւ ՀՀԿ-ական պատգամավորների միջեւ թեժ խոսակցություն է եղել, եւ որ իրենից կուսակիցները հաշվետվություն են պահանջել ԱԺ-ում ելույթի համար:

«Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որեւէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, որովհետեւ ակնհայտ էր, թե իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում ընդդիմադիր մեր գործընկերների հնչեցրած քննադատությունը վերաբերել է այլ օրենքի, ոչ թե այն օրենքին, որը քննարկվում էր այդ պահին»,-  այսօր՝ հունվարի 17-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա ձեռնպահ մնաց նշել, թե ՀՀ նախագահի պաշտոնի համար ում թեկնածությունն ունի իր մտքում. «Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ հրապարակային ներկայացնել այն թեկնածուներին, որոնց ունեմ իմ մտքում: Քննարկումից հետո ձեզ կտեղեկացնեմ, եթե իմ թեկնածուներն ընդունելի լինեն»։

Հարցին, թե նման որակներով շատ մարդիկ կան, որ ընդունելի լինեն սփյուռքում եւ Հայաստանում, տիրապետեն մի քանի լեզուների, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ընդհանրապես, երկրում նախագահի թեկնածուները շատ չեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ: «ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից, թե ինչու ինքը մեկ էլ ու վեր կացավ եւ «նման բան ասաց»:

Հիշեցնենք` արդարադատության նախարարը, որը «կասկածվում» է Բաբլոյանի դեմ` հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Գեւորգ Կոստանյանի բունտ «կազմակերպելու» մեջ, ԱԺ-ում ասել էր, որ այդ օրենքը սահմանադրական չէ եւ կարող էր անցնել ավելի պակաս ձայներով: Դ. Հարությունյանը ԳՄ-ականներին բացատրել է, որ դա արել է «ստրախովկայի» համար, որպեսզի խնդիրը փակվի: Սերժ Սարգսյանը Դավիթին հարցրել է. «Որ դա ասում էիր, չէի՞ր մտածում, որ խորհրդարանը քեզ կհակադարձի»:

Դավիթն ասել է․ «Ես փորձում էի իրավիճակը փրկել, լուծում առաջարկել»: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ` «հակադարձած» խորհրդարանականները հազիվ են զսպել, որ «սանիկ Գեւորը» (Կոստանյան) էլ ավելի կոշտ չարտահայտվի՝ բառային այլ եզրույթներ «ընտրելով»։ «Որ թողնեինք, բանը բանից անցնելու էր»,- ասացին»,-գրել էր թերթը:

Տպել
Ամենաշատ