News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հունվարի 18-ին, Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին կայացած զրույցի ընթացքում նախագահ Յոհանիսը շնորհավորել է Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արգասավոր դիվանագիտական առաքելություն:

Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը` կարեւոր ներդրում բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով նախագահ Յոհանիսին ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար։

Դեսպան Մինասյանը նշեց, որ անցած տարիներին երկու երկրները նշանակալի հաջողություններ են գրանցել քաղաքական, մշակութային, կրթական ոլորտներում: Կողմերը համակարծիք էին, որ այս համատեքստում անհրաժեշտ է ավելի խորացնել տնտեսական հարաբերութունները, որոնք դեռեւս չեն գտնվում ցանկալի մակարդակի վրա:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նկատելով, որ այն բարենպաստ քաղաքական միջավայր է ստեղծում բազմակողմ եւ երկկողմ համագործակցության հետագա զարգացման առումով։

Անդրադառնալով 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին՝ դեսպան Մինասյանը շեշտեց, որ նախագահ Յոհանիսի մասնակցությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերում հայ-ռումինական համագործակցության խորացման համար, հատկապես, հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարեւոր դերակատարությունը:

Դեսպանը նաեւ նշեց ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու կարեւորությունը` շեշտելով, որ վերջին շրջանում հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված, եւ որ հայկական կողմն ակնկալում է այդ դիրքորոշման շարունակականությունը՝ հատկապես, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի նախաբանում այդ խնդրի կապակցությամբ արտացոլված միասնական մոտեցմանը համահունչ:

Դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանը եւ Ռումինիան կարող են արդյունավետ համագործակցել նաեւ եվրոպական կառույցների շրջանակներում, հատկապես արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի կառավարման, հետազոտական եւ կրթական ոլորտներում:

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահ Յոհանիսին էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության համար՝ նշելով, որ Ռումինիան երկրորդ հայրենիք դարձավ ինչպես դարեր առաջ, այնպես էլ՝ 1915թ. Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված հայերի համար: Ռումինիան առաջին երկիրն էր, որը Ցեղասպանությունը վերապրածներին պետական մակարդակով ապաստան առաջարկեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ