News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում բազմազավակ ընտանիքների մեծ մասն աշխատանքով ապահովված չեն: Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների 16 հոգանոց ընտանիքում ոչ ոք չի աշխատում. ծնողները 13 երեխաների հոգսերը կարողանում են հոգալ ամեն ամիս տրվող 100 հազար դրամ ընտանեկան նպաստով եւ բարերարների աջակցությամբ:

«14 երեխա ունեմ՝ 11-ն անչափահաս են, 3-ը՝ չափահաս, աղջիկս ամուսնացել է:  Տանը ոչ ոք չի աշխատում, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 16 հազար դրամ թոշակ եւ 100 հազար դրամ ընտանեկան  նպաստ»,-ասում է ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը:

Նրա խոսքով, բազմազավակ ընտանիքները «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ էին հանդես եկել. կառավարությանը ներկայացրել էին այն կետերը, որոնք անհրաժեշտ են 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելուն: Սակայն, կառավարությունն այս առաջարկությունները հաշվի չի առել եւ օրենքի նախագիծը Ազգային ժողով է ուղարկել առանց այդ առաջարկություններն հաշվի առնելու. «Օրենքի նախագծով բազմազավակ ընտանիքներին աշխատատեղով ապահովելու մասին ոչ մի կետ չկա, մենք խնդրել էինք, որպեսզի հատուկ կետով նշված լինի բազմազավակ ընտանիքներին աշխատատեղով ապահովելու հարցը: Դիմեցինք կառավարությանը, ասեցին՝ կարող ենք արտոնել բանկերից տոկոսով գումար վերցրեք, աշխատատեղը ստեղծեք, բայց թե հետո էդ բանկերի գումարի տակից ոնց ենք դուրս գալու՝ անհայտ է»:

Բազմազավակ հայրը նշում է՝ նպաստից կախված լինելու հանգամանքը բացասաբար է ազդում բազմազավակ ընտանիքների վրա:

«Ես ուզում եմ, որ մենք աշխատենք, ինքնահաստատվենք, որովհետեւ պետք չէ, որ մենք կախված լինենք նպաստ համակարգից, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում: Բազմազավակ ընտանիքները ցանկանում են դուրս գալ նպաստ համակարգից եւ յուրաքանչյուր երեխային տրամադրվի մինիմում 25 հազար դրամ ամեն ամիս, բայց այս կետն էլ հաշվի չեն առել: Երեխաներիս տարել եմ, որ աշխատանքի ընդունեմ, հարց են տալիս ինձ՝ չես վախենո՞ւմ, որ երեխաներդ եթե աշխատեն՝ նպաստդ կկտրեն: Թող աշխատեն, եթե դրա համար կտրելու են 14 երեխա ունեցող ընտանիքի նպաստը՝ թող կտրեն, ինչ ասեմ»,-ասում է նա:

Բազմազավակ ծնողները պատրաստվում են մինչեւ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի՝ Ազգային ժողովում քննարկումը, հանդիպել  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ եւ կրկին ներկայացնել իրենց առաջարկները. «Պետք է հասկանա պետությունը, որ բազմազավակ ընտանիքները ոչ թե ընկճված, լացող ընտանիքներն են, այլ հպարտ, երկիրը սիրող ընտանիքներն են, որոնք պահպանում են գենոֆոնդը եւ պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այս ընտանիքներն ավելի լավ ապրեն»:

Բազմազավակ ընտանիքները պահանջում էին ստեղծել անկախ փորձագիտական հանձնաժողովներ, որոնք կօգնեն բազմազավակ ընտանիքներին կազմել բիզնես ծրագրեր, տրամադրել համապատասխան չափի գումար փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար:

Տպել
Ամենաշատ