News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8–ից ոստիկանությունը գործի դրեց շարժական–լուսանկարահանող արգաչափերը, ինչը հանրության շրջանում բացասական արձագանքի արժանացավ։ Կարծիքներ հնչեցին, որ ողջ երկրով մեկ սփռված արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը փաստորեն ծանր հետեւանքով ավտովթարների կանխման արդյունավետ գործիք չդարձան եւ ճանապարհային ոստիկանությունը խնդիրը մասնագիտորեն լուծելու փոխարեն դարձյալ հարվածում է քաղաքացու գրպանին։ Այն մեկնաբանվեց վարորդներին գրպանելու միջոցով բյուջեն լցնելու հերթական ծրագիրը։ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում չբացառեց, որ արագությունը գերազանցողների նկատմամբ այլ արդյունավետ պատժամիջոց կա, սակայն կիրառվում է միայն տուգանքի խստացման սանկցիան։

Պարոն Խաչատրյան, շարժական–լուսանկարահանող արագաչափերը հանրապետության բոլո՞ր մարզերում են լինելու, թե՞ կոնկրետ վայրերում։

Հանրապետության ողջ տարածքում՝ Երեւանում եւ մարզերում, միջպետական, տեղական նշանակության ճանապարհներին, այն վայրերում են կիրառվելու, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր կան, որտեղ արագության ռեժիմի խախտման դեպքերի ինտենսիվություն կա։

Մեկնաբանություններ եղան, որ շարժական արագաչափերի կիրառմամբ՝ խախտվում է վարորդների իրավունքները, քանի որ նախազգուշացնող նշաններ չկան։ Օրինակ, տեղադրված արագաչափերի դեպքում գործում են այդ նշանները։

Ինչի՞ է դա խախտում համարվում, երբ մենք տասնյակ տարիներ ոստիկանության մեքենաների մեջ արագաչափեր էինք տեղադրել, այսինքն՝ իրավունքներ չէին խախտում, հիմա խախտվե՞ց։ Ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ են, մարդիկ իրենց փորձագետ են համարում, բայց անգամ ես փորձագետ չեմ։ Որեւէ մեկի իրավունքը չի խախտվում, սա արվում է զոհերի եւ ծանր դեպքերի նախականխման համար։ Որեւէ մեկը թող չգերազանցի սահմանված արագությունը եւ համապատասխան իրավահարաբերության մեջ չընկնի ոստիկանության հետ։ Եթե ժամանակի ընթացքում կտեսնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների տենդենցը նվազում է, հետեւաբար նաեւ արագության խախտման դեպքերը, գուցե կհրաժարվենք այս վարչարարությունից։ ՃՈ–ն գնալու է բոլոր իրավախախտումների հետքերով։

Հանրության շրջանում համոզմունք կա, որ գլխավոր խախտումը հենց ճանապարհային ոստիկանությունում է կատարվում, որտեղ վարորդական իրավունքը վաճառում են երթեւեկության կանոններին չտիրապետող մարդկանց։ Ինչո՞ւ այստեղից չեք սկսում ձեր պայքարը։

Վարորդական իրավունքների համար հանձնում են քննություններ՝ տեսական եւ գործնական, եւ միայն քննությունների, համապատասխան գիտելիքների իմացության պարագայում են վարորդներին տրամադրում վկայականներ, եթե Դուք նման փաստ ունեք, որ առանց քննությունների են ստացել, խնդրում եմ տրամադրեք։

Փաստերը փողոցներում որոշակի ժամերին տիրող քաոսն է, վթարային իրավիճակները։ Ճանապարհային ոստիկանության համար դրանք բավարար փաստեր չե՞ն։

Փաստերը էսօրվա մշակույթն է։ Հետիոտնը վարորդական վկայական չունի եւ ճեմելով, հեռախոսը ականջին փողոցի որ մասով ուզում՝ անցնում է, լավ, սա էլ հո՞ վարորդական վկայականի հարցը չէ։ Այսօրվա քննության կարգը խստացված է, ավտոմատացված է, բոլոր միջոցները ձեռնարկված են Ձեր ասած դրսեւորումները բացառելու համար։ Եթե անհրաժեշտ լինի, եւս միջոցներ կձեռնարկվեն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետիոտնները անցումները հատելիս՝ խոսում են ականջակալներով, չեն լսում ձայնային ազդանշանը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետիոտնների վրաերթերի 65 տոկոսի դեպքում հետիոտնի կողմից եւս կա խախտում։

Վթարների գործով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել էր, որ շարժական արագաչափերը բյուջեն լցնելու նպատակով են կիրառվում, ինչը քաղաքական որոշում է։ Ըստ նրա՝ օրենքի տրամաբանությունը պետք է փոխել եւ պատասխանատվություն ենթարկել այն խախտումների դեպքում, որոնք վթարային իրավիճակ ստեղծելու վտանգ են պարունակում։ Նա մատնանշել է ԱՄՆ–ի օրինակը, որտեղ երթեւեկությունը հոսքերով է եւ արագաչափեր չկան։ Հաշվի առե՞լ եք այլ երկրների փորձը, ինչո՞ւ են Հայաստանում կենտրոնացել միայն տուգանքը խստացնելու վրա։ 

Միացյալ Նահանգներում այլ հասարակություն է, այլ երթեւեկություն, այլ տնտեսություն, այլ մենթալիտետ։ Քաղաքացիները ԱՄՆ–ում արագություն չեն գերազանցում, այնտեղ տուգանքը շատ մեծ է, նույնիսկ կարող են կալանավորվել, իսկ էստեղ ուզում են խախտեն ու պատասխանատվություն չկրեն։ Երթեւեկության կանոնները փոխելու անհրաժեշտություն չկա։ Եթե մարդը գերադասում է հարբած վիճակում վարել տրանսպորտային միջոցը եւ օրը ցերեկով վրաերթի ենթարկի այլ մարդու, եթե նա չունի այդ մշակույթը, ի՞նչը փոխենք։

Գուցե արագությունը հաճախ գերազանցող, վթարային իրավիճակ ստեղծող վարորդներին որոշ ժամանակով զրկե՞ք վարորդական իրավունքից...

Գուցե, սա քննարկման արժանի է, նաեւ այս առումով մենք մտածելու բան ունենք։ Գուցե սանկցիաների մասով մտածենք, փոփոխություն անենք, ողջամիտ առաջարկ է։ Հիմա զրկում ենք վարորդական իրավունքից, երբ արձանագրվել է, որ տարվա մեջ երկու անգամ վարել է ոչ սթափ վիճակում, կարելի է քննարկել նաեւ այլ խախտումների դեպքում վարորդական իրավունքից զրկելու հարցը։

Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ ծանր հետեւանքներով վթարների կանխմանն ուղղված գործիքները մեր երկրում մասնագետները չեն ընդունում, ինչի հետեւանքով էլ ունենք այս պատկերը։ Պարոն Խաչատրյան, ովքե՞ր են որոշում։

Նիկոլայ Բաղդասարյանըինչ գիտի, որ մասնագետներ չեն որոշել, բա ովքե՞ր են որոշում կայացրել, բժիշկնե՞րը։ Եթե Նիկոլայ Բաղդասարյանը իրեն մասնագետ է համարում, թող ողջամիտ առաջարկություններ ներկայանցի, մենք կքննարկենք։ Մենք ամեն օր ներկայացնում ենք վիճակագրություն, որ արագությունը գերազանցելու հետեւանքով են վթարները։ Այս տարի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանպորտային պատահարները ավելացել են 35–ով, զոհերի քանակն էլ 35–ով ավել է, վիրավորները՝ 24–ով պակաս։

Տպել
Ամենաշատ