News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվից տուժած Արուս Վանյանը պնդում է՝ իրենց բնակարանների խնդիրը չի լուծվում, քանի որ վաշխառուները հենց պաշտոնյա անձինք են: NEWS.am-ի հետ զրույցում Արուս Վանյանը նշեց, որ արդեն 10 տարի վարձով է ապրում եւ այլեւս արդարադատության հույս չունի: Նրա խոսքով, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ԱԱԾ աշխատակից Գագիկ Առաքելյանը եւ եւս մի քանի պաշտոնյաներ, առանց իրենց իմացության, սեփականություն հանդիսացող գույքը գրավ են վերցրել եւ իրենց էլ «շպրտել» փողոց, տուժած բնակչի պնդմամբ, ինքը եւ եւս մի քանի քաղաքացի դարձել են պաշտոնատար անձանց հանցավոր համագործակցության զոհերը:

«Անօրեն մեզ փողոց են շպրտել, մեզ փողոցում են պահում արդեն 10 տարի ա, դատական պրոցեսն էլ վաշխառուներն իրենց օգտին տարան: Միակ նորությունն այն է, որ շարունակում ենք թե բարոյապես, թե ֆինանսապես վնասներ կրել: Դատական պրոցեսը, դատավորը, դատախազն այնպես են խախտում օրենքները եւ դրանք շրջանցում, որ ինչ ուզում ես արա, իրենք ինչ խուժանություն ուզում, անում են, պաշտոնավորները ինչ թելադրում են, դա էլ անում են, դրա համար էլ մեր իրավունքները ոտնահարված են, մենք էլ փողոցում ենք մնացել: Բոլորը վաշխառուներ են, որոնք մեր բնակարաններն առանց մեր իմացության գրավ են վերցրել, անօրեն գործարք են կատարել՝ առանց մեր իմացության»,-ասաց նա:

Արուս Վանյանի պնդմամբ, եւ Հերմինե Նաղդալյանը, եւ ԱԱԾ աշխատակից Գագիկ Առաքելյանը վաշխառուներ են, որոնց գործունեությունից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, թեեւ դատական պրոցեսի ընթացքում արդարադատության հասնելու հույսը կորցրել է, բայց շարունակելու է պայքարը՝ մինչեւ անգամ հացադուլ անելը. «Գնալու եմ ԱԱԾ շենքի դիմաց հացադուլ եմ անելու, պայքարելու եմ իմ սեփականության համար: Մենք սա այսպես չենք թողնելու, մինչեւ վերջ պայքարելու ենք, երբեք չենք նահանջելու, մինչեւ հացադուլի գնալու եմ: Էն, որ ԱԱԾ աշխատակիցն ինձ անօրեն վերցրել, գցել է փողոց, ինքը դրա համար ԱԱԾ-ի հետ միասին պատասխան է տալու, որ այդ հանցագործը մինչեւ այսօր աշխատում է իրենց մոտ: Ազգի անվտանգությունը պահպանելու փոխարեն, նրա նման հանցագործներին են պաշտպանում»:

Հիշեցնենք, որ խաբված քաղաքացիները, որոնք իրենց բնակարաններն ակնկալում էին ստանալ «Էսկո կոնցեռն» կազմակերպությունից, որին «Նորաշեն 2007»-ը վերավաճառել էր չկառուցված շենքը,  2015թ. դիմել էին կառավարությանը, որպեսզի «Էսկո կոնցեռնին» վարկ տրամադրվի շենքը կառուցելու համար, սակայն կառավարությունը բնակիչների խնդրանքը մերժել էր՝ ասելով, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը 18 քաղաքացիներից վերցնելով 155 միլիոն դրամ՝ Բաբաջանյան 25/1 նորակառույց շենքում նրանց բնակարաններ տրամադրելու պայմանով, շենքը դեռ չկառուցած` այն վաճառել էր «Էսկո կոնցեռն»  ընկերությանը:

«Նորաշեն 2007» ընկերության տնօրինությունը խարդախության համար դատապարտվել է՝ 5 եւ 6 տարի ազատազրկման, ընկերությունն էլ սնանկ ճանաչվել:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երեւանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։

Տպել
Ամենաշատ