News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջեւ համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Իրանում ՀՀ  դեսպան Արտաշես Թումանյանը՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստանը եւ Իրանն ունեն հազարավոր տարիների ընդհանուր պատմություն եւ մշակույթ, դրանով հանդերձ կա տպավորություն, որ այսօր երկու ժողովուրդների փոխճանաչողությունը շատ ցածր մակարդակի վրա է, Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

Ճիշտ նշեցիք, Հայաստանի եւ Իրանի ժողովուրդներն այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, եւ երկու երկրների պատմական ու մշակութային փոխառնչությունները շատ խոր արմատներ ունեն։ Իրանն ունի 2500 տարվա պետականության պատմություն: Հայաստանը եւս ունի պետականության պատմության նույնքան հարուստ անցյալ, բայց մեր երկիրը տարբեր պատճառներով պատմական որոշակի շրջափուլերում կորցրել է իր պետականությունը։ Առանձին ժամանակաշրջաններում Հայաստանի պետականությունը վերականգնվել է: 20-րդ դարասկզբին՝ 1918 թվականին, վերստին ստեղծվել է հայկական պետություն, եւ Խորհրդային Միության ձեւավորումից հետո Հայաստանն իր այդ աշխարհագրական տարածքով ԽՍՀՄ-ի մաս է կազմել։ Այս վիճակը պահպանվել է 70 տարի, մինչեւ որ Խորհրդային Միությունը փլուզվել է, եւ Հայաստանը ԽՍՀՄ-ի մեջ մտնող մյուս երկրների նման անկախություն է ձեռք բերել, պետություն ստեղծել։

Հիմա 27 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, Իրանի հետ ունի երկկողմ միջպետական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է երկու երկրների փոխճանաչողության ցածր մակարդակին, պետք է ասել, որ դա պայմանավորված է Խորհրդային Միության ժամանակաշրջանով, երբ Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի կապ գոյություն չի ունեցել։ Այդուհանդերձ, վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները նշանակալիորեն զարգացել են։Անցած ժամանակաշրջանում երկու երկրների միջեւ համագործակցության արդյունքում տարբեր տնտեսական ծրագրեր են կյանքի կոչվել։

Առաջիններից էր Արաքս գետի վրա կառուցված կամուրջը, որը դարձավ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների խորհրդանիշը։ Հետագայում իրականացվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Կառուցվել է երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է։ Այդպիսով, լուրջ հնարավորություններ են ստեղծված միմյանց հուսալիորեն միացնելու Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այս քառակողմ համագործակցության ուղղությամբ արդեն ստորագրվել է բազմակողմ հուշագիր:

Իրականացվել է նաեւ կարեւորագույն մի ծրագիր գազի ոլորտում: Կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը, որն ունի տարեկան 2.2 մլրդ խմ կարողություն: Այդ գազամուղի միջոցով այժմ իրականացվում է Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագիր, եւ այն եկող տարվա ընթացքում ընդլայնվելու է:

Լավ համագործակցություն է իրականացվում նաեւ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում:

Մեկ այլ կարեւոր խոշոր ծրագիր երկար տարիների քննարկումից հետո այժմ, ամենայն հավանականությամբ, կմտնի գործնական իրականացման փուլ: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում:

Տնտեսական համագործակցության ամենաառանցքային ուղղություններից մեկը ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ընթացող բանակցություններն են: ԵՏՄ-ն ունի 180 մլն բնակչությամբ շուկա, իսկ Իրանը՝ 80 մլն: Սա նշանակում է, որ իրական հնարավորություններ կան այդ երկու շուկաները միմյանց փոխկապակցելու: Ինչպես գիտեք, հինգ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը ԵՏՄ անդամ են, եւ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդ իսկ պատճառով ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններում Հայաստանը կարեւոր եւ առանցքային դեր ունի։ Ներկայումս ԵՏՄ-Իրան բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, որի ստորագրումից հետո կստեղծվեն միանգամայն նոր պայմաններ ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսական համագործակցության զարգացման համար:

Ներկայումս թվում է, որ Կովկասյան տարածաշրջանում շատ խնդիրներ չեն հանգուցալուծվել, եւ Հայաստանի Հանրապետությունն իր հարեւան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ չունի։ Հայաստանն էլ միակ երկիրն է ԵՏՄ կազմում, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման։ Այդպիսով, ինչպե՞ս կդրսեւորվի Երեւանի դերը որպես ԵՏՄ-ին եւ Իրանին միմյանց կապող գործոն՝ հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի խճճված խնդիրները։

Նախ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ շատ լավ են:

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք եւ միջպետական սահմանը փակ է: Վերջին շրջանում երկու երկրների միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը խզվել է Թուրքիայի պատճառով: Հետագայում ինչպիսի ընթացք կունենա այն, ցույց կտա ժամանակը:

Ադրբեջանի պարագան լրիվ այլ է: Այստեղ խնդիրը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ, եւ երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հարցը լիովին կախված է այդ հակամարտության լուծումից:

Իսկ Ձեր ակնարկը կապված տարածաշրջանում Հայաստանի ունեցած խնդիրների հետ, չի նշանակում, որ Հայաստանը մեկուսացած վիճակում է գտնվում: Իրանն էլ իր որոշ հարեւանների հետ հարաբերություններում կնճռոտ հարցեր ունի:

Գոհունակությամբ պետք  է նշել, որ Հայաստանը եւ´ Իրանի, եւ´ Վրաստանի միջոցով իրականացնում է ցամաքային տրանսպորտային հաղորդակցության գործառույթները (ֆունկցիաները)՝ կապված արտաքին տնտեսական կապերի իրականացման հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, դա Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական առավելություններից է:

Հայաստանը նաեւ շատ լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման գործընթացն ընթացքի մեջ է եւ շուտով կավարտվի: Եթե սրան ավելացնենք Հայաստանի լավ հարաբերությունները ԱՄՆ-ի, արեւմտյան մյուս երկրների, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի եւ շատ այլ երկրների հետ, ինչպես նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակը, ապա կարող ենք խոսել Հայաստանի՝ տարածաշրջանային տնտեսական հանգույցի վերածվելու իրական հնարավորությունների մասին: Այսօր էլ իհարկե զգալի արդյունքներ ունենք Հայաստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման առումով: Կարելի է միայն վկայակոչել Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների լուրջ աճը, որ արտահայտվում է երկնիշ թվերով:

ԵՄ-ի հետ հարաբերություններում այսօր էլ գործում է GSP+ համաձայնագիրը, որը թույլ է տալիս 6400 անուն ապրանքատեսակ ԵՄ երկրներ ներմուծելու համար կիրառել մաքսատուրքի զեղչված սակագներ: Նման արտոնյալ առեւտրի ռեժիմներ կան ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս ամենը նշանակում է, որ օտարերկրյա, այդ թվում նաեւ իրանական կապիտալով ստեղծված ձեռնարկությունները «արտադրված է Հայաստանում» ապրանքանիշով (բրենդ) ապրանքներն արտոնյալ պայմաններով կարող են Հայաստանից արտահանվել վերը նշված երկրներ:

Իրանական տնտեսվարողների համար շատ գրավիչ է նաեւ Հայաստանի բանկային համակարգը, որը բավարարում է ժամանակակից ամենաբարձր պահանջներին:

Անշուշտ, Իրանը եւս շատ լուրջ առավելություններ ունի, որոնցից հայաստանյան տնտեսվարողները կարող են լավագույնս օգտվել: Դրանք Իրանի տնտեսության բազմաթիվ զարգացած ուղղություններն են, տարանցումային (տրանզիտային) մեծ հնարավորությունները, հարուստ բնական ռեսուրսները, կադրային մեծ ներուժը եւ վերջապես հսկայածավալ շուկան:

Հայաստանի եւ Իրանի միջեւ խոր եւ համակողմանի համագործակցության մեկ այլ կարեւոր բնագավառ եւս կա, դա գիտության եւ կրթության ոլորտն է, որտեղ երկուստեք լուրջ հնարավորություններ կան:

Ինչ վերաբերում է փոխճանաչողությանը, դա իրոք լուրջ խնդիր է: Մենք միմյանց մասին կարող էինք շատ ավելին իմանալ: Ի դեպ, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը լուրջ աշխատանք է կատարում եւ´ ԶԼՄ-ներով, եւ´ սոցիալական ցանցերի միջոցով Իրանում անհրաժեշտ տեղեկատվության տարածման ուղղությամբ: Նույնը անում են նաեւ Հայաստանի շատ պետական մարմիններ եւ հասարակական կազմակերպություններ: Դեսպանությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Թեհրանի եւ նահանգային առեւտրի պալատներում ու այլ կառույցներում: Այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք են կատարում նաեւ իրանական կառույցները, այդ թվում Հայաստանում Իրանի դեսպանությունը: Բոլոր դեպքերում այս ուղղությամբ անելիքները չափազանց շատ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ