News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Ադրբեջանում՝ լայնամասշտաբ զորավարժություններից մինչեւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, հակասում է այն պարտավորությունների, որոնք այդ պետությունն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների առջեւ: Նման կարծիք NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչով են պայմանավորված Ադրբեջանում մարտի 12-ից 17-ը նախատեսված զորավարժությունները:

Նրա խոսքով՝ Բաքուն, որը ԵԱՀԿ անդամ է, պետք է այդ մասին նախ տեղեկացներ կազմակերպության անդամ երկրներին: «Ադրբեջանը դա չի արել եւ խախտել է բոլոր միջազգային պայմանավորվածություններն ու միջազգային իրավական նորմերը»,- նշեց Շարմազանովը: Այժմ, ըստ Շարմազանովի, Ադրբեջանում հիմնական գաղափարախոսությունը հակահայկական տրամադրություններն են, որոնք մշտապես հրահրվել են այդ երկրի քաղաքական ղեկավարության եւ էլիտայի կողմից:

«Հակահայկական տրամադրություններն այնտեղ հիմնված են ոչ թե հայրենասիրության, այլ գերազգայնականության վրա: Այս քայլով Իլհամ Ալիեւը կրկին ուզում է քողարկել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն իր երկրում: Սկսենք նրանից, որ Ադրբեջանը հազարավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից եւ տասը հազար կիլոմետրով հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից»,- մանրամասնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը: Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը կրկին փորձում է իր ընտրողների ուշադրությունը շեղել հիմնախնդիրներից եւ կենտրոնացնել նրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վրա: Այս գործողությունները Շարմազանովը որպես «նախընտրական հնարք» որակեց:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ