News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբավորման տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿՀ մամլո ծառայությունը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Արայիկ Խանդոյանին ցանկացել են սպանել:

«Երեկ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել էր «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարությունը, համաձայն որի՝ իբրև թե «2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ»: Ավելին՝ ըստ իրենց «տեղեկության»՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը Արային Խանդոյանին սպանելու նպատակով: Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի: Քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների ժամանակ մինչ այսօր գործնականում երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել, ինչն էլ մեկ անգամ ևս ապացուցում է տարածված տեղեկատվության անհեթեթ լինելը»,- ասվում է հայտարարությունում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց. «Հաշվի առնելով հանդերձ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պաշտոնապես հերքել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում կալանավորներից մեկի խցում խուզարկությամբ ինքնաշեն ատրճանակ հայտնաբերելու, Արայիկ Խանդոյանի սպանության մտադրության վերաբերյալ համացանցային մի քանի լրատվամիջոցների հրապարակումները, ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:

Արայիկ Խանդոյանի փաստաբանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Տպել
Ամենաշատ