News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երիտասարդության շրջանում ավելանում է երկրի խնդիրների լուծման մեջ ներդրում ունենալու ցանկությունը, իսկ իշխանության արձագանքը «Մերժիր Սերժին» կարգախոսով հանրահավաքի վերաբերյալ ադեկվատ չէ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, «Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով, այս եւ առհասարակ երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իշխանության արձագանքը իր համար արդեն երկար ժամանակ անհասկանալի է. «Օրինակ, այն, որ Սերժ Սարգսյանը հանրահավաքները համարում է տնտեսական անկման պատճառ, ամենաանադեկվատ արձագանքներից է, ամոթ է»,- ասաց Հրանոուշ Խառատյանը։

Ազգագրագետի կարծիքով այս շարժումը դեռ հեղափոխական չէ եւ չկան գաղափարական հեռանկարներ. «Այո, շարժումը դիմագիծ ունի, բայց  որքանով է այն հեղափոխական, եթե ներկայումս հրապարակում բարձրաձայնված միակ նպատակը՝ «Մերժիր Սերժին»-ն է։ Կարծում եմ՝ մեր պետության 80%-ը արդեն մերժել է Սերժին, բայց պետք է հասկանալ, թե շարժման որ մակարդակում պետք է սպասենք իշխանության գործողությանը։ Կարծում եմ՝ Նիկոլի հետ կրեատիվ քայլերի դիմող հանրահավաքի մասնակիցները, չունեն  գաղափարական հեռանկարներ, կամ արդյոք հարթակը համակարծիք կլինի, եթե հրապարակում հնչի կոնկրետ մեկ առաջարկ»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Նա նկատեց, որ Հայաստանը բռնապետություն չէ, բայց գտնվում է  ավտորիտարիզմի անցնելու լուրջ շրջանում, իսկ ավտորիտարիզմից բռնապետությանը անցնելը կարող է  մեկ քայլ լինել. «Բռնապետության դեմ պայքարում է ոչ միայն հասարակությունը, որը դուրս է եկել փողոց, այլ նաեւ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ, հակառակ պարագայում շատերի գլուխները կարող են «թռչել», փոխաբերական ու բառի բուն իմաստով։ Կարծում եմ Սերժ Սարգսյանը իր ընտանիքով, չի կարող պատկերացնել  իր ապագան այլ իշխանության պարագայում, քանի որ էստեղ կա «խնամի, ծանոթ, բարեկամ» գործոնը եւ Սարգսյանի՝ իշխանության գլխին մնալը, այս բարեկամների հեռանկարների ամրապնդման միջոց է»,- ասաց ազգագրագետը։

Հրանուշ Խառատյանը կանխատեսում է շարժման երկարատեւություն, քանի որ այն տարածքային առումով կրում է զանգվածային բնույթ, իսկ հատկապես երիտասարդության շրաջնում ակնկալվում է մասնակցություն՝ երկրում առկա խնդիրների լուծման մեջ:

«Անկախ նրանից, թե այս շարժումը ինչ հետեւանքներ կունենա, քանի որ չեմ կարծում թե իշխանությունը երկար կպահպանի այս հարաբերական դիտորդի կարգավիճակը, համենայնդեպս հանրահավաքը լուծում է մի քանի խնդիր՝ հասունանում է մի սերունդ, որ ունի շատ չլուծվող հարցերի պատասխաններ, ձեռք է բերվում փորձ, գիտակցություն, երկրում առկա խնդիրների լուծման մեջ երիտասարդների մասնակցության ավելացում եւ այն։ Եթե նույնիսկ շարժումը վատագույն ավարտ ունենա, կարծում եմ, որ այն կխոչընդոտի կամ նույնիսկ կարող է կանխել բռնապետության մուտքը Հայաստան։Ես տեսնում եմ նաեւ շարժման երկարատեւություն, այն շատ դինամիկ է ու մասշտաբային»,-ասաց բանախոսը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Տպել
Ամենաշատ