News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Այսօր ժամը 18:00-ին լրացավ խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, եւ թեկնածու է առաջադրել միայն «Ելք»-ը: ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները թեկնածու չառաջադրելու մասին հայտնել էին ավելի վաղ: ՀՅԴ-ն բոլոր խմբակցություններին առաջարկել էր միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ Ազգային ժողովը Հայաստանի վարչապետին կընտրի վաղը՝ մայիսի 1-ին գումարվելիք հատուկ նիստում: Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն, իսկ սա նշանակում է, որ եթե վաղվա նիստին ներկայանան երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները, Նիկոլ Փաշինյանին ընտրվելու համար անհրաժեշտ կլինի եւս 6 ձայն: Եթե վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կցրվի: Խորհրդարանը կցրվի նաեւ, եթե չհաստատի նորընտիր վարչապետի ձեւավորած կառավարության ծրագիրը: Այդ դեպքում արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դրանից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Կա նաեւ երրորդ տարբերակ. կառավարությունը բերում է ծրագիր եւ դնում իր վստահության հարցը: Դա կարող է տեղի ունենալ միայն վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ: Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ սկզբունքային հարցերում իրենց եւ «Ելք»-ի մոտեցումները չեն տարբերվում: Իսկ նոր կառավարության մաս կազմելու հարց, նրա խոսքով, չեն քննարկել: Նաիրա Զոհրաբյանը նույնպես պնդում է, որ կոալիցիոն համագործակցության հարց չեն քննարկել. իրենք շարժմանը միացել եւ Փաշինյանի թեկնածությունը սատարելու որոշում են կայացրել առանց նախապայմանների:

ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ քվե խնդրելու մասին պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի եկել որեւէ մեկից որեւէ բան խնդրելու: Իսկ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը բլից-հարցում է անցկացրել Փաշինյանի հետ: Հարցման հիմնական նպատակը, կարծես, ապացուցելն էր, որ մինչեւ 2008 թվականը Հայաստանում ազատ խոսքի եւ ազատորեն հանրահավաքների մասնակցության հնարավորություն չի եղել:

Հանրահավաքների ժամանակ տնտեսական ոլորտի մասին խոսելիս Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ առանց բացառության բոլորին հարկային դաշտ պետք է բերել: Լրագրողներն այսօր այդ մասին հարց են ուղղել գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Խորհրդարանում հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը շտապել է Գարեգին Նժդեհի հրապարակ: Այստեղից երթ է մեկնարկել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կայացել է ավանդական հանրահավաքը: Որոշել են վաղը 11:00-ին հավաքվել հրապարակում ու նորից տոնել շարժման հաղթանակը:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ահաբեկչության հերթական փորձը կանխելու մասին: Ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացի, Մախաչկալայի բնակիչ Սուլեյմանհաջի Բագանդհաջիեւը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով՝ Ուկրաինայի քաղաքածու կեղծ անձնագրով Հայաստան մուտք գործել: Քրեական գործ է հարուցվել, կասկածյալը կալանավորված է: ԱԱԾ-ի նախնական տվյալներով՝ Բագանդհաջիեւը հավաքագրվել ու վարձատրվել է միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից եւ 2015 թվականի մայիսից մասնակցում է Սիրիայում զինված ընդհարումներին: Ներկայում ԱԱԾ-ն փորձում է պարզել Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները:

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ վերադարձը նշեց իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլով: Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Արսենալին» եւ 2:1 հաշվով հաղթեց լոնդոնյան ակումբին: Ծնկի վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Մխիթարյանը, փաստորեն, դարձավ Արսեն Վենգերի գլխավորած թիմի միակ գոլի հեղինակը: 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, սակայն, Մխիթարյանը նորից ծնկի վնասվածք է ստացել: Առաջիկա օրերին հայտնի կդառնա, արդյո՞ք նա կկարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղին: «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումն «Աթլետիկոյի» հետ կանցկացնի մայիսի 3-ին:

Արթուր Աբրահամը նվաճել է WBO International-ի տիտղոսը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը WBO International-ի թափուր տիտղոսի համար մենամարտել է դանիացի Պատրիկ Նիլսենի հետ: 12 ռաունդով մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթանակ է տարել երեք մրցավարներից երկուսի դրական որոշման շնորհիվ: Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամն առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Մայիսի 1-ին եւ 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ