News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը նոր վարչապետ ունի: Այսօր գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում առաջադրված միակ թեկնածուի՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42-ը: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը: Քվեարկությունից հետո նրա ելույթը հակիրճ էր:

Նախագահը Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր ստորագրեց: Ավելի ուշ Արմեն Սարգսյանը նաեւ հանդիպեց նորընտիր վարչապետի հետ եւ հորդորեց հնարավորինս արագ ձեւավորել կառավարությունը:

Նշենք, որ վարչապետի միակ թեկնածուին պաշտպանելու մասին հայտարարել էին «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները: Փաշինյանին օժանդակելու մասին հայտարարել էր նաեւ Հանրապետականը: Վահրամ Բաղդասարյանն այսօր վերահաստատեց. իրենց դիրքորոշումը չի փոխվել, մտահոգությունները չեն փարատվել, բայց բավարար թվով հանրապետական պատգամավորներ կքվեարկեն Փաշինյանի օգտին, որպեսզի Հայաստանը վարչապետ ունենա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը, միաժամանակ, Նիկոլ Փաշինյանին կոչ արեց կողմ քվեարկած պատգամավորներին իրենը չհամարել: Ի վերջո, Փաշինյանի օգտին քվեարկեց հանրապետական 13 պատգամավոր, մեծ մասը՝ գործարարներ:

Նոր կառավարության կազմում վարչապետն էական փոփոխություններ է կատարելու: Անուններ առայժմ չնշեց՝ պատճառաբանելով, թե դեռ քննարկումներ պետք է լինեն քաղաքական ուժերի հետ: Սակայն ուժային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի մասին լրագրողների ճշտող հարցին, այնուամենայնիվ, պատասխանեց. փոփոխություն կլինի:

Իսկ որոնք են լինելու նորընտիր վարչապետի առաջին քայլերը: Վաղը Նիկոլ Փաշինյանը մեկնելու Արցախ, մայիսի 14-ին էլ պատրաստվում է մասնակցել Սոչիում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին:

Փաշինյանն արդեն շնորհավորանքներ է ստանում: Առաջիններից մեկը, ի դեպ, Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորել են Ռուսաստանի նախագահն ու վարչապետը: Իսկ Ազգային ժողովում կայացած քվեարկությանը հետեւեց պաշտոնանկությունների շարքը: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Փաշինյանին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ եւ հայտարարել լիազորությունները դադարեցրելու մասին: Ավելի ուշ նա նաեւ հրաժարականի դիմում ներկայացրել է նախագահին:

Դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը կուսակցական տույժի է ենթարկվել: ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարը նշել է, որ Մանուկյանը մեկ տարի չի կարողանա մասնակցել կուսակցության ժողովներին: Իսկ տույժի պատճառն այն է, որ պատգամավորն առանց կուսակցության որոշման ապրիլի 25-ին հայտարարել էր համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Հիշեցնենք, որ կուսակցական որոշումն անտեսելու համար էլ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց եւ Դաշնակցությունից հեռացվեց Աղվան Վարդանյանը. նա չէր հետեւել ՀՅԴ խմբակցության որոշմանն ու մայիսի 1-ին դեմ էր քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Այսօր Շուշիի ազատագրման օրն է. 26 տարի առաջ մայիսի 8-ին Արցախի Պաշտպանության բանակը եւ կամավորական ջոկատներն ազատագրեցին քաղաքը, որտեղից ադրբեջանցիներն անդադար գնդակոծում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: 1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992-ի մայիս Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ: Այդ հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 111 եւ վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն եւ շինություն: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում. այն տեւեց 26 ժամ եւ մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր: Այդ մարտերում հայկական կողմն ունեցավ 57 զոհ, թշնամին՝ շուրջ 300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահները 6 անձի են ձերբակալել. բոլորն օտարերկրացիներ են: Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: Արծրուն Հովհաննիսյանը խոստացել է ավելի ուշ դեպքից այլ մանրամասներ ներկայացնել:

Լիսաբոնում կողոպուտի ժամանակ դանակով վիրավորել են հույն լրագրողի: Նա Պորտուգալիայում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը լուսաբանելու նպատակով: Անհայտ անձը մոտեցել է լրագրողին, դանակահարել եւ կողոպտել նրան: Տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ տեղեկությունների՝ տղամարդու մոտ բավական մեծ գումար է եղել՝ 4 հազար եվրո. այն նախատեսված էր մրցույթի կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար: Կողոպտիչը փախուստի է դիմել:

Ինչ վերաբերում է մրցույթին. այսօր ուշ երեկոյան տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը: 16 համարի ներքո ելույթ կունենա նաեւ այս տարի Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը: Նա կներկայանա «Քամի» երգով:

Մայիսի 8-ին դոլարի վերելքը շարունակվել է, եվրոն շուրջ 2 դրամով էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 578, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 657 դրամ:

Մայիսի 9-13-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ