News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաեւ Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչեւ 5000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաեւ մշտական խորհրդի նիստը:  Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝  ֆրանկոֆոն երկրների ընկերությունների եւ ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձեւավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Նշվել է, որ արդեն իսկ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք:

Խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների ապահովման եւ տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:      

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները կրելու են պարբերական բնույթ՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու եւ արագ լուծումներ գտնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ