News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում կայացել է կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրեց, որ այգու վերակառուցման եւ զարգացման ծրագիրը մեկնարկել էր դեռ 2012թ-ից, որի առաջին փուլն ավարտին էր հասցվել 2015 թվականին եւ, հաշվի առնելով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքն ու բնակիչների ոգեւորությունը, Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնեց 2-րդ փուլի աշխատանքներն ու 2016թ.-ին տվեց դրանց մեկնարկը:

«Կենդանաբանական այգին մենք համարում ենք Երեւանի այցեքարտերից մեկը, եւ այն ծրագիրը, որը նախաձեռնեցինք ու այս տարիների ընթացքում հաջողությամբ կյանքի կոչեցինք, ուներ մեկ նպատակ. հանգստի այս գոտին դարձնել հարմարավետ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Այսօր ուրախությամբ պետք է փաստեմ, որ Կենդանաբանական այգու հերթական այս տարեշրջանը մենք սկսում ենք զարգացման ծրագրի երկրորդ փուլն արդեն ավարտած, որի արդյունքում, ինչպես եւ խոստացել էինք, այգին համալրվել է ավելի մեծ եւ ընդարձակ ազատավանդակներով, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում եւ ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Արդեն վստահաբար կարող ենք նաեւ ասել, որ Երեւանի կենդանաբանական այգին, որը ժամանակակից լուծումներով եւ այցելուների սպասարկման ու կենդանիների պահպանման չափանիշներով համապատասխանում է միջազգային նորմերին, դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն, որը տարվա բոլոր սեզոններին անընդմեջ կընդունի այցելուների: Հաջողված հերթական մեր այս ծրագիրը եւս մենք նվիրում ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակին», – ասել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ծրագրի երրորդ փուլը, որով էլ, ըստ էության, ամբողջությամբ կավարտվեն այգու վերակառուցման աշխատանքները:

Վերակառուցման եկրորդ փուլում կենդանաբանական այգում ստեղծվել է նաեւ 1200 քմ մակերեսով կենդանիների հետ անմիջական շփման գոտի: Բացի այդ, կառուցվել է նաեւ կենդանիների կարանտին, որը խիստ անհրաժեշտ էր այգու բնականոն գործունեության համար: Պատասխանատուները նաեւ նշել են, որ ծրագրի շրջանակում այգու գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում, քայքայված շինությունների փոխարեն, կառուցվել են նոր ազատավանդակներ, իրականացվել բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։

Նշենք, որ 2016-2018 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել գայլերի եւ արջերի 2 անցուղիներով նոր ազատավանդակը՝ 5550 քմ ընդհանուր տարածքով, ինչը 5 անգամ ավել է, քան նախկինում զբաղեցրած մակերեսը: Կառուցվել է նաեւ 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 30 այցելու: Ծրագրի շրջանակում կառուցվել է նաեւ առյուծների նոր ազատավանդակը՝ 2950 քմ մակերեսով, որից 400 քմ-ը որպես կենդանիների ձմեռային կացարան: Այստեղ եւս կառուցվել է 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 80 այցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ