News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բաշ-Ապարանի հերոսամարտի հարյուրամյա տոնակատարությունների առիթով ապարանցիների եւ բազմաթիվ հյուրերի համար անակնկալ էր պատրաստվել. հսկայական տորթ՝ ռազմադաշտի պատկերով:

Տորթի վրա Հայաստանի Հանրապետության եռագույնն էր պատկերված, զինվորների, գյուղացիների կերպարներով տիկնիկներ եւ բազմաթիվ այլ ատրիբուտներ: Տորթից բացի՝ հյուրերի համար անվճար հյուրասիրություն էր կազմակերպվել:

Հսկայական տորթի գաղափարն Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանինն էր:

Նշենք, որ այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Այս կապակցությամբ, Ապարանում իրականացվել են շինարարական  լայնածավալ աշխատանքներ.  բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման եւ ծառատնկման մեծածավալ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երեւան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը եւ նրան կտրել Երեւանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ-Ապարան:

Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ-Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ եւ ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված եւ մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ-Ապարանից արեւմուտք:

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաեւ եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երեւան եւ Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ