Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են գնահատել Թուրքիայով գազի տարանցման շուրջ բանակցությունների հաջող ավարտը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Գոհունակությամբ արձանագրվել է էներգետիկ ոլորտում ռազմավարական համատեղ նախագծերի հետեւողական իրականացումը` «Աքքույու» ատոմակայանի եւ «Թուրքիական հոսքի» կառուցումը: Դրական գնահատական է տրվել ռուսական բնական գազի՝ Թուրքիայով տարանցման պայմանների շուրջ բանակցությունների հաջող ավարտին: Հաստատվել է տրամադրվածությունը փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդման հարցում»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը՝ Անկարայում ապրիլի 3-ին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հանդիպման ժամանակ ընդունված որոշումների համատեքստում: