ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 11-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է զինծառայողների իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության եւ իրավագիտակցության բարձրացումը:
Նատալիա Վուտովան իր հերթին արժեւորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը եւ վերահաստատել համագործակցային ծրագրերին եւ միջոցառումներին օժանդակելու ԵԽ երեւանյան գրասենյակի հանձնառությունը: