News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաեւ միջավայրային անհարմարությունների հետեւանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման եւ անկախ կյանք վարելու հարցերում:

Այս մասին ոլորտի խնդիրներից տեղյակ հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ, Արման Թաթոյանն ասել է. «Մենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ճիշտ չենք վերաբերվում։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներին մեկուսացած ենք պահում եւ հետագայում էլ հասարակությունից օտարացած անձին արդեն փորձում ենք ինտեգրել հասարակություն»:

Հունիսի 22-ին «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՀԿ-ների միջեւ կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացվել են Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արձանագրված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։

Տպել
Ամենաշատ
Partner news