Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունելի չի համարում վերջերս Ադրբեջան այցելած ՌԴ ներկայացուցիչների քայլերն ու հայտարարությունները եւ նրանց հակահայկական արտահայտությունները:
«Շանթ» հեռոստաընկերության հետ հարցազրույցում ԱԳ նախարարը նշել է, որ դրանք չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, գործընթացին ոչ մի դրական, այսպես ասած, պատգամ չեն հաղորդում:
«Սա բացասական երեւույթ է»,- նշել է Մնացականյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնում է, վաչապետը 2 անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Նրա խոսքով՝ փոխըմբռնման, հարաբերությունների կառուցման բավական լավ հիմքեր կան: «Այդ առումով դինամիկան դրական է։ Այն, ինչ որ զուգահեռ կատարվում է, որեւէ կերպ ողջունելի չի կարող լինել»,- նշել է ԱԳ նախարարը:
Ավելի վաղ հաղորդել էինք Ադրբեջան ռուսաստանյան փորձագիտական խմբի այցի եւ այնտեղ արտահայտած հակահայկական կարծիքների մասին: