News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն այւսօր՝ հուլիսի 10-ին, ընդունել է «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ եւ Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին եւ մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել հայկական մշակույթին եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին:

«Երբ մայր Հայաստանում պետականությունը կորցրել ենք, Արցախում շարունակաբար այդ պետականությունը գոյություն է ունեցել, եւ կարծում եմ, հենց դա է հնարավորություն տվել որպեսզի տարածաշրջանում հայությունը ապրի, պահի իր արժանապատվությունը, ինքնությունը եւ միաժամանակ ստեղծի համաշխարհային արժեքներին համահունչ մշակութային եւ քաղաքակրթական արժեքներ», - նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Վահրամ Բալայանը նաեւ անդրադարձել է Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, խմբակցությունների ներկայացվածությանը, արտաքին կապերին եւ բարեկամական խմբերին՝ կարեւորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտել, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական կլինեն եւ առաջարկել երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանը:

Տպել
Ամենաշատ