News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձորում 2016թ.-ի հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով դատական նիստին հարցաքննվել են ծննդկանի ամուսինն ու սկեսուրը:

ՀՔԱՎ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համլետ Ղուկասյանը պատմեց, որ մինչ ծննդաբերությունը Հռիփսիմեն չի գանգատվել, առանձնապես խնդիրներ չեն եղել: Մահացած ծննդկանի ամուսնու խոսքով, միայն ծննդաբերությունից 21 օր առաջ պոլիկլինիկայի բժիշկը կնոջն ուղեգրել է Վանաձորի ծննդատուն, որտեղ Դավիթ Շահվերդյանը հավաստիացրել է, որ ոչ մի լուրջ բան չկա, պարզապես հղիի տարիքով պայմանավորված՝ նա պետք է հսկողության տակ մնա:

«Ծննդաբերությունից մոտ 20 րոպե անց խոսել եմ կնոջս հետ հեռախոսով, պատուհանից տեսել նրան ու երեխային: Ավելի ուշ տուն ենք գնացել և Հռիփսիմեի զանգից հետո, որ իրեն վատ է զգում, շտապ եկել ենք հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն ասել են, որ անհրաժեշտ է արգանդը հեռացնել, ստացել են մեր համաձայնությունը, ապա քիչ հետո հայտնել են, որ ծննդկանի կյանքը փրկել չհաջողվեց»,- պատմեց վկան:

Դատական նիստին հարցաքննվեց նաեւ մահացած ծննդկանի սկեսուրը՝ Քնարիկ Մնացականյանը: Նա դատարանին պատմեց, որ հարսի ծննդաբերությունից հետո իրենք տուն էին գնացել հանգստանալու և նշելու երեխայի ծնունդը, ժամը 20:30-ի սահմաններում իրեն է զանգահարել Հռիփսիմեն, հայտնել, որ շատ վատ է զգում ու որ լրիվ մենակ է հիվանդասենյակում:

«Մեր զրույցն ընդհատվեց Հռիփսիմեյի բարձր ճիչով, որից հետ էլ զանգերիս չպատասխանեց: Ինձ թվում է՝ հարսս հենց այդ ժամանակ է մահացել, բժիշկները պարզապես ժամանակ են շահել... Չի կարելի, մեզ արեցիք, ուրիշներին չանեք»,- ասաց վկան:

Նշենք, որ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տպել
Ամենաշատ