News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը: Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումները զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին:

Դրան հաջորդեց քաղաքացիների դժգոհության ալիքը, եւ արդյունքում ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից: Փորձենք հասկանալ, թե արդյոք սա միայն բնակիչների անհանգստության հարցն է, թե՞ առկա է նաեւ օրենքի խախտում:

Համաձայնագրերը

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի զինծառայողներին, ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքներից դուրս, զենք կարող է տրվել՝ «որպես ծայրահեղ միջոց»: Ընդ որում, այդ զենքը զինծառայողները կարող են պահել, կրել եւ կիրառել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):

Ըստ նշված համաձայնագրի, ինչպես նաեւ ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. պայմանագրի` զենքը կարող է օգտագործվել ռազմակայանի տարածքներում, այդ թվում ռազմակայանին հատկացված հրաձգարաններում (որպես հրաձգարան օգտագործվող տարածքներում):

Մասնավորապես, այդ պայմանագրի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների մարտական պատրաստությունն իրականացվում է ռազմակայանին հատկացված տարածքում: Հատկացված տարածքների սահմաններից դուրս մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանյան Դաշնության Պաշտպանության նախարարության միջեւ ամեն տարի համաձայնեցվող պլանների:»: Այնինչ, Փանիկ գյուղը հատկացված չէ (եւ ոչ էլ կարող է հատկացված լինել) ռուսաստանյան ռազմակայանին, իսկ գյուղի ներսում զորավարժությունների իրականացումը չի կարող համաձայնեցված լինել Հայաստանի ՊՆ-ի հետ:

Այսպիսով, 102-րդ ռազմակայանի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում զենք կրելը եւ, առավելեւս, այն կիրառելը, ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին:

Առավել աղմկահարույց խախտումները

Սա առաջին տհաճ միջադեպը չէ, որ ծագում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ: Մի կողմ թողնելով այն, թե ինչու են մշտապես նմանատիպ խնդիրներ ծագում ռուսական ռազմակայանի հետ, այլ ոչ թե Հայաստանի զինված ուժերի հետ, հիշեցնենք վերջին տարիներին տեղի ունեցած առավել աղմկահարույց դեպքերի քննության ընթացքը:

Այսպիսով, 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ՝ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ եւ կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Ավելին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրերի խախտումների համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում՝ քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն փախուստի մասին հայտնի դառնալուց 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:

Երբ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղից երկու երեխաներ մահացան ռուսաստանյան ռազմակայանի պոլիգոնում ականի պաթյունի արդյունքում, ռուսական կողմում իրականացված քննության արդյունքում այդպես էլ մեղավորներին «չգտան», ու որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց հրաձգարանում մարտական ական թողնելու եւ հրաձգարանի մուտքը համապատասխան նշաններով չկահավորելու համար:

Կրակոցների հետեւանքով երեխա է ուշագնաց եղել. ե՞րբ է ռուսական ռազմաբազան պաշտոնապես ներողություն խնդրելու. «Երկիր ծիրանի»

Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. Խոսնակ

«Միջադեպը անփութության արդյունք է եղել». 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել (վիդեո)

Տպել
Ամենաշատ