Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Հայկ Մարությանի հարցը շարունակվում է բուռն քննարկվել։ Թեեւ նա երբեւէ չի աշխատել պետական համակարգում, սակայն կասկածներ կան նրա՝ լավ կառավարիչ լինելու հարցում։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ՔՊ-ի ոչ ստանդարտ մոտեցումն է բուռն քննարկումների պատճառը: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց դասական քաղաքական գործիչներին, որոնց գործունեությունից հանրությունը դժգոհ է եղել։
«Համենայնդեպս՝ Հայկ Մարությանի ընտրությունը ոչ ստանդարտ է, եւ ցանկացած կարծրատիպ կոտրող, ոչ ստանդարտ մոտեցումը բուռն հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։ Դասական առումով քաղաքական գործիչներին տեսել ենք, եւ չեմ կարծում, որ մեծ հաջողություն են գրանցել քաղաքի կառավարման գործում։ Միգուցե ոչ ստանդարտի մեջ հաջողվենք եւ այն խնդիրները, որ տարիներով կուտակվել են, փոխենք ընթացքը»,- ասաց պատգամավորը: Նա շեշտեց, որ, ամեն դեպքում, հումորի զգացումը կարեւոր հատկանիշ է։
«Ընդհանրապես, հումորի զգացումը լավ հատկություն է, որ մարդն ունի, դա դրական հատկանիշ է: Բայց դե ոչ ոք չի կարող ասել, կընտրվի, թե՞ ոչ, լավ կկառավարի, թե՞ ոչ։ Ոչ մեկ չի կարող ասել՝ առաջադրված թեկնածուն լավագույնն է, թե՞ ոչ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Քաղաքականապես Նաիրա Զոհրաբյանն ավելի պատրաստ է»։