News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են Տիգրան Մուկուչյանի թիմի վերահսկողությամբ։ Ինչպես է ԿԸՀ ղեկավարն աշխատում նոր իշխանությունների հետ և ո՞րն է նրա հավերժության գաղտնիքը։ Այս և այլ հարցերի մասին NEWS.am—ը զրուցել է Տիգրան Մուկուչյանի հետ։

Երբ գալիս եք աշխատանքի, և Ձեր դռան դիմաց Ձեր հրաժարականն են պահանջում, ի՞նչ եք մտածում։

Ես ընդհանրապես մտածում եմ մեկ բան, որ Հանձնաժողովն ունի իր օրենսդրական գործառույթները, դա ընտրությունները պատշաճ կազմակերպելն է եւ, թերեւս, մեր հիմնական գործառույթը եւ միակ մտածմունքը՝ չմոռանալ  որեւէ անելիք, ամեն ինչը հասցնել ուղիղ ժամկետներում, որպեսզի ընտրությունները պատշաճ կազմակերպվեն։

Մեր օրակարգը շատ հստակ է՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, չմոռանանք, որ հոկտեմբերի 21–ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, իսկ ժամկետներ կան, որոնք նույնիսկ համընկել են, առանց այդ էլ արտահերթ ընտրությունների համար սահմանված բավականին կարճ ժամկետներին։ Պետք է աշխատել այդ ամենը պատշաճ կազմակերպել։

Մարդկանց հետաքրքրում է՝ ո՞րն է ձեր հավերժության գաղտնիքը, թե՛ հին, թե՛ նոր իշխանությունների օրոք դուք անփոփոխ ձեր տեղում եք։

Հավերժության գաղտնիք չկա, ես ունեմ որոշակի մասնագիտություն, այդ մասնագիտությանը համապատասխան գիտելիքները եւ փորձը համապատասխան աշխատավայրում ծառայեցնելն է այն նպատակներին, որոնք ամրագրված են օրենքով։ Ոչ ավելին։

Ձեզ, այնուամենայնիվ, ասոցացնում են նախորդ իշխանությունների հետ, մասնավորապես, ընտրությունների արդյունքները ամրագրելու հարցում։ Նոր իշխանությունների օրոք ինչպե՞ս եք աշխատում։

Ես ավելի ընդգրկուն այս հարցին կպատասխանեմ. հնչում են ամենատարբեր գնահատականներ այս հարցի կապակցությամբ, սակայն յուրաքանչյուր գնահատական հնչեցնելու համար, ես կարծում եմ, կարեւորագույն խնդիր է, որ ունենան որոշակի հիմք, որի վրա պետք է կառուցվի գնահատականը։ 

Հակառակ պարագայում, եթե չկա որեւէ հիմք, ցանկացած գնահատական դառնում է մերկապարանոց արտահայտություն, տեսակետ, կարծիք, ոչ ավելին։

Ընտրությունների հետ կապված մենք ներկայացրել ենք, թե ինչպես են ձեւավորվում քվեարկության արդյունքները, դրանք նյութականացվում են ընտրատեղամասերում, արձանագրվում են արձանագրությունների մեջ, այդ արձանագրություններին հենց տեղամասային կենտրոններում իրավունք ունեն ծանոթանալու թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները, դրանք անմիջապես փոխանցվում են հանձնաժողովին, հանձնաժողովը աղյուսակավորված, այսինքն, յուրաքանչյուր տեղամասի համար առանձին այդ տվյալները հրապարակում է, այնպես չէ, որ դրանք գումարային են հրապարակվում, որպեսզի որեւէ մեկը չկարողանա պատկերացնել, թե որ տեղամասում՝ ինչ տվյալներ են եղել։

Այդ ամենը շատ թափանցիկ է, յուրաքանչյուրը, ով ցանկանում է, կարող է վերցնել, ստուգել այդ տվյալների հետ, որոնք ստացել են տեղամասային կենտրոններին։ Եթե կլինի գեթ մեկ տարբերություն, ԿԸՀ կայքի հետ, դա կլինի հենց այն հիմքը, որի վրա կարող են ամենատարբեր գնահատականներ տրվեն եւ Հանձնաժողովն էլ, եթե լինի նման բան, բնականաբար պետք է բացատրություն տա, թե ինչու է այդպես։ Բայց  այս ամբողջ ժամանակահատվածում ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ տեղամասում կազմված քվեարկության արձանագրության տվյալները, որոնք հրապարակվել են, արձանագրվել են, տրամադրվել են, եղել են այլ, քան այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են ԿԸՀ կայքում։

Մտավախություն չունե՞ք, որ բացահայտումների այս ալիքը նաեւ ձեզ կհասնի։

Ըստ էության, բացահայտելու որեւէ խնդիր չկա, որովհետեւ հանձնաժողովն ինքը աշխատում է լիակատար թափանցիկ, բոլոր գործառույթները Ընտրական օրենսգրքի պահանջներով պետք է իրականացվեն հրապարակային, թափանցիկ, միշտ էլ աշխատելաոճը եղել է այդպիսին, եւ ամբողջը այնքան տեսանելի է իր իրականացման ընթացքում, որ որեւէ խնդրի հետ կապված այստեղ չեմ կարծում, որ կան գաղնիքներ, որոնք պետք է բացահայտվեն, հանձնաժողովի ամբողջ գործունեությունը թափանցիկ է։

Քարոզարշավին վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, խախտումներ նկատե՞լ եք այս ընթացքում։

Քարոզարշավն ընթանում է, ճիշտ է՝ արտահերթ ընտրությունների համար բավականին կարճ է, եղել են առանձին դեպքեր, որոնց մենք էլ ենք արձագանքել, բայց, ընդհանուր առմամբ, գոնե մինչև օրս Ընտրական օրեսգրքի պահանջները պահպանվել են, դիմումներ, բողոքներ ընդհանրապես գոյություն չունեն քաղաքական ուժերից, իսկ մասնակիցները բավականին շատ են, եւ ես կարծում եմ, որ եթե լինեին ինչ–ինչ խախտումներ, թերացումներ եւ այլն, այդ մասին անպայման կլինեին ահազանգեր։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից մեկն ասում էր՝ երբ վարչապետն Արցախից տեսակապով քարոզարշավին հայտարարեց, որ տաքսիստներին հարկերից ազատելու է, սա հնարավոր է՝ իբրեւ ընտրակաշառք դիտվի։ Դուք նո՞ւյնպես այս կարծիքի եք։

Նման բողոք մենք չենք ստացել, հրապարակմանը ծանոթ չեմ, տարբեր գնահատականներ կարող են հնչեցվել, հանձնաժողովը առավելագույնը հետեւել է քարոզարշավի ամբողջ ընթացքին, եւ եթե հայտնաբերած լիներ ինչ–ինչ խնդիրները, որոնք չեն համապատասխանում օրենսդրական կանոնակարգումներին,  բնականաբար, վարույթ կհարուցվեր, վարույթների բացակայությունը խոսում է, որ Հանձնաժողովը հետեւելով քարոզարշավին խախտումներ չի հայտնաբերել։

Մի մտահոգություն էլկար, որ քաղաքական ուժերից մեկը բազմանդամ ընտանիքների անդամներին շտաբում կարճաժամկետ աշխատանքի է ընդունում եւ վճարում դրա դիմաց։ Սա խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

Նման ցանկացած հրապարակման, որն իր մեջ ընտրակաշառքի կասկած է ունեցել, իրավապահները շատ արագ արձագանքել են։ Կոնկրետ այս դեպքի հետ կապված հասցեական հրապարակումները արձանագրվել են։

Գալով ընտրատեղամասային հանձնաժողովներին, այնտեղ ներկայացված են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Մի քիչ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. ընտրություններին հետեւելու են ՀՀԿ անդամները, որոնք չեն մասնակցում ընտրություններին։

Տեղամասային ընտրական հանձնաժողովները, այո, կազմավորվում են կուսակցական սկզբունքով՝ հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրավունք ունեն ԱԺ–ում խմբակցություն ունեցող կուսակցությունները՝ յուրաքանչյուրը 2–ական անդամ սկզբունքով եւ 2 անդամ էլ նշանակում է Տարածքային ընտրական հանձնաժողովը։ Այստեղ արտառոց բան չեմ տեսնում, որովհետեւ եթե նույնիսկ Երևանի ավագանու նախորդ ընտրությունները դիտարկենք, եւս կային խորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք հանձնաժողովներում անդամներ նշանակել էին, բայց իրենք չէին մասնակցում քվեարկությանը, չէին մասնակցում այդ ընտրություններին։ Բնական է՝ պետք է առաջնորդվեն ոչ թե կուսակացական շահով, այլ ընտրական գործընթացներն իրականացնելու։

Այս ընտրությունների ժամանակ կա՞ որեւէ նորամուծություն, որը կցանկանայիք ասել ընտրողներին։

Նորամուծություն չունենք, քվեակարգը նույնն է, միակ առանձնահատկությունն այն է, որ նախորդ անգամ եթե մենք ունեինք մեկ քվեարթերթիկում՝ 1 կուսակցություն, ապա այս անգամ կուսակցությունների թիվը շատ է, ստանալու են մեկ քվերաթերթիկ, որի մեջ թեկնածուների անունները, նշումը կատարելու են, ծալեն եւ տեղադրեն ծրարում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ