News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները համակարծիք էին, որ հազարամյակների խորքից եկող եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ առավել հավակնոտ ծրագրեր ներկայացնելու ու փոխշահավետ համագործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու համար: Այդ առումով ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման էական դերը: Երկկողմ օրակարգի առաջմղման գործում երկուստեք մեծապես կարեւորվեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մարդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը եւ դրա հիմնասյուներից հանդիսացող բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարեւոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը միտված ծրագրերին Հնդկաստանի կառավարության կողմից ցուցաբերվող հետեւողական աջակցության համար:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին միջազգային կառույցների շրջանակներում առկա կայուն համագործակցությունը եւ տարբեր միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունը:

Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ դիրքորոշումների շուրջ: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունների բացառապես խաղաղ բանակցային հանգուցալուծումն այլնընտրանք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ