News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահացել է համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, հայտնում է AFP–ն։

Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչ այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։

Շառլ Ազնավուրը (Charles Aznavour, իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Որդու ծնունդը  1920-ականների սկզբին Ռուսաստանից Փարիզ մեկնած ծնողներին, որոնք Փարիզում էին ԱՄՆ–ի մուտքի արտոնագիր ստանալու ակնկալիքով, ստիպեց բնակություն հաստատել Ֆրանսիայում։

Դերասանական ունակություններն Ազնավուրը ժառանգել էր մորից՝ նախկին դերասանուհուց։ 5 տարեկանում արդեն հանդիսատեսի առաջ հանդես էր գալիս ջութակով, իսկ 9 տարեկանում ռուսական պարերով էր հանդես գալիս։ Միեւնույն ժամանակ, նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում։

Երկրորդ աշխարհամարտին հայրը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ընտանիքը պահելու համար Շառլը ելույթ էր ունենում ոչ մեծ փարիզյան սրճարանում եւ օկուպացված Փարիզի թատրոններում։

Երգեր գրել սկսել է 1940-ականնների սկզբին։ 1941 թվականին Ազնավուրը ծանոթացել է երիտասարդ երաժիշտ Պիեր Ռոշի հետ, որի հետ դուետով հանդես էր գալիս վարյետեներում ու գիշերային ակումբներում։ 1946 թվականին համագործակցել է հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի հետ, հյուրախաղերով հանդես էր գալիս Կանադայում ու Ֆրանսիայում։

1950 թվականին Պիեր Ռոշը արտագաղթել է Կանադա, Շառլը սկսել է հանդես գալ որպես մենակատար՝ Շառլ Ազնավուր բեմական անվան ներքո։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնել է Aznavour pour l'Armеnie («Ազնավուրը Հայաստանի համար») բարեգործական միությունը եւ մի քանի ակցիաներ է կազմակերպել երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Դրանցից մեկի համար նա հրավիրել է Անրի Վեռնոյին եւ 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների, որոնց հետ միասին ձայնագրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, որը վաճառվեց 2 միլիոն օրինակով եւ որի հիման վրա նկարահանվեց նաեւ տեսահոլովակ։

2000 թվականին շանսոյնեն նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ միաժամանակ հաջողությամբ շարունակելով համերգներով հանդես գալ։  

2006 թվականին բարեգործական համերգ է տվել Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, որին ներկա են եղել Ֆրանսիայի եւ ՀՀ նախագահներ Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը։

2008 թվականի դեկտեմբերի 26-ին Ազնավուրը ստացել է ՀՀ քաղաքացիություն։

2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շառլ Ազնավուրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակեց, Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Կինոյում նա առաջին անգամ նկարահանվել է 1995-ին: 1960-ին Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի էկրանավորումից հետո, որում Ազնավուրը  կաբարեի դաշնակահարի դեր  խաղաց, երգիչը նաեւ տաղանդավոր դերասան ճանաչվեց: Նա հաջողությամբ նկարահանվել է այնպիսի երեւելի կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը («Գլխարկակարի ուրվականները», 1982), Ֆոլկեր Շլենդորֆը («Ամերիկյան առնետ», 1963), «Թիթեղյա թմբուկ», 1979), Կլոդ Lելուշը  («Էդիտը եւ Մարսելը», 1983):

Ազնավուրի վերջին կինոաշխատանքների թվում են  «Արարատ» (2002) եւ «Հայր Գորիո» (2004) ֆիլմերում գլխավոր դերերը, ինչպես նաեւ «Ճշմարտությունը Չառլիի մասին» (2002) եւ «Իմ գնդապետ» (2006) ֆիլմերում դերերը:

Շառլ Ազնավուրը հեղինակել է մոտավորապես հազար երգ, խաղացել  60 ֆիլմերում եւ վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ: Time ամսագրի կողմից անցկացված հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն կատարող:

Տարբեր տարիների ընթացքում Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Շիրլի Բեյսին, Լայզա Մինելին, Բինգ Քրոսբին եւ Ֆրեդ Աստեյերը:

Ազնավուրը «Ազդագրերից բառերը» (1991)  մեմուարների գրքի հեղինակն է: 2004-ին Միլանի  «Դալ Վերմե» թատրոնում տեղի ունեցավ նրա «Անցած օրեր» մեմուարների գրքի իտալական հրատակության շնորհանդեսը:

Ազնավուրի արվեստը արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (1971), պատվավոր «Սեզար» (1997), Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակներին (2006):

Նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում՝ (2004) Հայրենիքի շքանշանի պարգեւատրմամբ:

Նա Կանադայի ասպետ է (2008):

2001 թվականին Երեւանում բացվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակ:

2009-ին Երեւանում բացվեց շանսոնյեի տուն-թանգարանը:

2010 թվականին Պամիրում 5250 մետր բարձրությամբ գագաթը կոչվեց Շառլ Ազնավուրի գագաթ:

Շառլ Ազնավուրը մի քանի անգամ ամուսնացել է: Առաջին ամուսնությունից նա ունի դուստր՝ Սեդա (ծնված 1947թ.): 1967-ին Ազնավուրը ամուսնացավ շվեդ Ուլլե Տյուրսելի հետ: Նրանք ունեն երեք երեխա` դուստր Կատյա (ծնված 1969 թ.), որդիներ Միշա (ծնված 1972 թ) եւ Նիկոլյա (ծնված 1977 թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ